Ի՞նչ սպասել ՄԱԿ ԱԽ-ից

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը հրատապ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ՝ արձագանքելով Հայաստանի դիմումին:
ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության փոխանցմամբ՝ նիստը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին:
Պաշտոնական Բաքուն այս առիթով երեկ արդեն հասցրել է ռազմաշունչ մի հայտարարություն ընդունել՝ Երևանին ու Ստեփանակերտին մեղադրելով պայմանավորվածությունները չկատարելու և կարգավորման գործընթացն, ըստ էության, տապալելու հարցում:
Ավելի ուշ Երևանին ուղղված Ադրբեջանի զգուշացումներին միացավ նաև պաշտոնական Անկարան: Թուրքիան էլ իր հերթին կոչ արեց Հայաստանին «չդիմել սադրանքների», ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պնդելով, թե Լաչինի ճանապարհի հարցում Ադրբեջանին քննադատելու հիմք չկա:
Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է նոր սադրանքների ու շանտաժի քաղաքականություն է վարում ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային դերակատարների նկատմամբ:
Այս համատեքստում ի՞նչ սպասել ՄԱԿ ԱԽ վաղվա նիստից: Լավատեսները խոստանում են հրաշք, իհարկե՝ առանց որևէ փաստական հենքի: Իրատեսները կանխատեսում են, որ Նյու Յորքից հնարավոր է չափավոր լավատեսական ակնկալիք ունենալ, եթե, իհարկե, հայկական դիվանագիտությանը հաջողվի մեր օրակարգի շուրջ որոշակի կոնսենսուս ապահովել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև:
Կարո՞ղ արդյոք հայկական դիվանագիտությունը լուծել այս բարդ խնդիրը. հարցի պատասխանը կստանանք ընդամենը երկու օրից:
Վահրամ Բագրատյան