Խորացող ճգնաժամը պատերազմի նախերգանքն էր․ սեպտեմբերի 19-ին վազող քաղաքի խուճապը հուշել է․․․ պատերազմ է

Խորացող ճգնաժամը պատերազմի նախերգանքն էր․ սեպտեմբերի 19-ին վազող քաղաքի խուճապը հուշել է․․․ պատերազմ է

«Արցախում ապրած վերջին օրերը մոռանալ կլինի՞»,- MediaHub-ին ասում է Արցախից տեղահանված, Արցախի մայրիկների ակումբի համահիմնադիր Մարիամ Աբրահամյանը։ Նա հիշում է, թե մեկ տարի առաջ այս օրերին որքան դժվարությունների են հանդիպել, մի կտոր հաց տուն տանելու համար։ Բլոկադայի՝ հումանիտար աղետի պիկն էր։ 

«Արցախի մայրիկների ակումբի նախաձեռնությամբ ամեն ինչ արեցինք, որ դպրոցներն ու մանկապարտեզները չփակվեն, որ մեր երեխաները չզրկվեն կրթվելու իրավունքից։ Պատերազմից օրեր առաջ հացի փռերը չէին աշխատում նախկին ինտենսիվությամբ, գրեթե հաց չկար»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Արցախցիները նման վերջաբան չէին պատկերացնում։ Հայ մնալու, հայրենիք ունենալու, Արցախը հայկական պահելու համար նրանք անցան ամենադաժան ճանապարհով։

«Քանի որ իրավիճակն օր-օրի կրիտիկական էր դառնում, մտածում էինք՝ այսպես չի մնա, մի լույս կբացվի, մի դուռ կբացվի։ Այդ հույսով ապրեցինք մինչև սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունները»։

Մարիամը և Արցախի մայրական համայնքը համախմբվել են հատկապես պատերազմի օրերին, խմբի միջոցով համակարգվում էր փոխօգնությունը, մայրիկները կիսվում էին իրենց փորձով, սնունդով, դեղորայքով, անգամ հագուստով։ Ուշադրության կենտրոնում հատկապես հղիներն էին։ Խմբում նաև բժիշկներ կային։ Որպեսզի շատ դեպքում ծնողները ստիպված չլինեին ոտքով հիվանդանոց հասնել, խմբում մասնագետներն օգտակար տեղեկություններով ու խորհուրդներով էին կիսվում։ 

«Կարճ ժամանակում ակումբը ընդլայնվեց ու իր շուրջը հավաքեց շատ մայրերի։ Բազմաթիվ հարցեր լուծեցինք՝ կառավարության հետ մեր մշտական հանդիպումներով։ Արդյունքում հասանք նրան, որ սկսեցինք կաթնախառնուրդ ստանալ։ Կովի կաթ գտնելն էլ դժվար էր, ուստի բավարարվեցինք նրանով, ինչ կար»,- հիշում է երիտասարդ մայրը։

Ծայրը հազիվ ծայրին հասցնելով, իրար օգնելով արցախցիները հաղթահարում էին պաշարման ողջ դժվարությունները, փորձում մեղմացնել հումանիտար ճգնաժամը։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին տուն վերադառնալիս Մարիամը լսել է հրետակոծությունների ձայնը, մի պահ մտածել, որ դա սակրավորական խմբի հերթական աշխատանքն է։ Բայց վազող քաղաքի խուճապը հուշել է՝ պատերազմ է։ 

«Մենք երեխաների հետ պատսպարվել էինք նկուղում։ 44-օրյայի ժամանակ տարհանում հնարավոր էր կազմակերպել, հիմա ստիպված պետք է մնայինք, սպասելով ցանկացած սցենարի։ Գիտակցելով Ադրբեջանի զինուժի տեխնիկայի ու մարդկային քանակը, իրավիճակի լրջությունը՝ մտածում էինք, որ մենք մեր սեփական տներում կա՛մ կմորթվենք, կա՛մ կգերեվարվենք»։ 

Սոված մարդիկ, ջերմող երեխաներ, հուսախաբ ժողովուրդ․ Մարիամը հիշում է գաղթի ճանապարհը, ամբողջ ճանապարհի երկայնքով թափված պատվոգրերը, խրախուսական մեդալները, զինվորական ուղի անցած փաստաթղթերը․ «Մարդիկ իրենց կենսագրության մի մասն են թողել գաղթի ճանապարհին»։

Ինքը ոչինչ առանձնապես չի բերել, քանի որ մտածում էր՝ ժամանակավոր է լքում տունը. «Բերել եմ միայն զույգերիս համար գնված միանման խաղալիքները»։ 

Մարիամ Աբրահամյանն ադրբեջանական ալիքներով է տեսնում հարազատ Ստեփանակերտը։
«Ամեն մի նոր փլուզված շինության հետ՝ փլուզվում է նաև այն հույսը, որ կարող է հետ վերադառնանք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան