Պետական կառավարումը ՔՊ-ն վերածում է կուսակցապետության

Պետական կառավարումը ՔՊ-ն վերածում է կուսակցապետության

Արդարության պակասը տարիներ շարունակ թևածել է մեր երկրում, մեր մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արփի Դավոյանը:

Արդարությունից է խոսում ՔՊ-ական պատգամավորը՝ մի քաղաքական թիմի ներկայացուցիչ, որի պատճառով Հայաստանին և Արցախին այնպիսի ռազմաքաղաքական հարված է հասցված, որ հայոց պետականությունը կանգնած է անդունդի շեմին:

Պետական կառավարումը ՔՊ-ն վերածում է կուսակցապետության. մեկ կուսակցությունը ՀՀ-ում զբաղեցրել է բոլոր առանցքային պաշտոնները՝ անկախ այն հանգամանքից տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար Փաշինյանի հետ «քայլածը» ունի ինտելեկտ, թե ոչ:

ՀՀ-ում 2018թ.-ից սկսած փորձ է արվում կառուցել մենիշխանություն. ՔՊ-ի ու նրան հարող տարբեր իբր անկախ արտախորհրդարանական ուժերի միջոցով ձևավորվել է մի կոալիցիա, որի համար իշխանության մնալն ու դրա բարիքներից օգտվելը գերխնդիր է:

Արցախյան պատերազմի աղետալի արդյունքների, արտագաղթի, հսկայական արտաքին պարտքի, սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակի համար ՔՊ-ն ու նրա ղեկավարը չեն ցանկանում ստանձնել քաղաքական պատասխանատվություն: Մեղավոր են բոլորը՝ նախկինները, այլմոլորակայինները, սակայն ոչ գործող իշխանությունները:

Պոպուլիզմը դարձնելով ներքին քաղաքականության առանցք և գործելաոճ ՔՊ-ն 2018թ.-ից ի վեր չի իրականացրել որևէ լուրջ տնտեսական ծրագիր, չի արդիականացրել բանակը, չի ամրապնդել սահմանները, իսկ արցախյան պատերազմի արդյունքների հետևանքներն իրենց մաշկի վրա զգացին ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները՝ զոհեր, հաշմանդամներ, փախստականներ:

ՀՀ-ում իշխանափոխությունը հասունացել է՝ ՔՊ-ն չունի հանրային լայն աջակցություն՝ վարչական լծակներով և ոստիկաններով հնարավոր չէ երկար ժամանակ պահպանել իշխանությունը:

Պետք է արդեն այսօր ունենալ «ճանապարհային քարտեզ», թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել՝ ՀՀ-ն ու Արցախը ստեղծված բարդ իրավիճակից դուրս բերելու համար:

Վահրամ Բագրատյան