Մի քանի տախտակներով դագաղ են սարքել, հուղարկավորել գիշերը, քանի որ ադրբեջանցիներն արդեն գերեզմանների մոտ էին 

Մի քանի տախտակներով դագաղ են սարքել, հուղարկավորել գիշերը, քանի որ ադրբեջանցիներն արդեն գերեզմանների մոտ էին 

«Առաջին պատերազմում եղբայրս զոհվել էր, բայց քանի որ դրանք հաղթանակի տարիներ էին, մի ներքին հպարտությամբ էի այցելում նրա գերեզմանին, գիտակցում կար, որ մեր խաղաղ օրերի, անկախ հայրենիքի համար է նահատակվել։ Իսկ հիմա, երբ կորցրեցինք Արցախն, ու այնտեղ մնաց նաև ամուսնուս թարմ գերեզմանը, ամաչում եմ, խեղդվում ու ինչ-որ տեղ նաև ինքս ինձ մեղադրում, թե ինչո՞ւ այսպես եղավ, կամ ինչո՞ւ չկարողացանք նրա աճյունը ևս դուրս բերել»,- MediaHub-ին պատմում է Մաճկալաշենից տեղահանված, վաստակաշատ մանկավարժ Անուշ Գևորգյանը։ 

Ոլորտում 30 տարվա փորձ ունի։ Նախորդ տարվա նոր ուսումնականի մեկնարկին նշանակել են դպրոցի տնօրեն։ Համերաշխ ու երջանիկ ընտանիք ուներ Անուշ Գևորգյանը։ Կյանքի կանոնները փոխվել էին 2020-ից հետո, անգամ շրջափակման հասցրած դժվարությունները հեշտությամբ էին հաղթահարվում, որովհետև ամուսինը կողքին էր։ 

53-ամյա Արմեն Հարությունյանի անունը տալով արցունքներն առաջ են գալիս։ Հարցազրույցն ընդհատվում է մի քանի անգամ։ Սեպտեմբերյան մարտերն Արմենի կյանքի 4-րդ պատերազմն էր։ Ինքը վաղուց չէր ծառայում բանակում կամ աշխարազոր ուժերում, բայց Անուշն ասում է՝ նախկին զինվորական չի լինում։ 

«Առաջին ազատամարտում ինքը բավականին երիտասարդ էր, նոր էր ավարտել ծառայությունն ու միացել նոր-նոր կազմավորվող ջոկատներին։ Տանկիստ էր, ԲՄՊ-ի վրա էր իրենց ջոկատը։ Ու այնպիսի ոգով էին կռիվ տալիս, որ մինչև վերջերս Ամարասի ճանապարհին դեռ գտնվում էին թշնամու խոցված ու կմախքացած տանկերը։ Ինքն էլ իր չափով է ներդրում ունեցել հաղթանակների կերտման ու բանակաշինության գործում։ Ընտանեկան պայմաններից ելնելով՝ զորացրվել է, աշխատանքի անցել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունում, զուգահեռ զբաղվել տան ու գյուղի գործերով։ Ամեն ինչ ունեինք, ամեն ինչ ստեղծել էինք»,- ասում է կինը։ 

2016 թվականի ապրիլյան պատերազմին Արմենը ևս իր մասնակցությունն է բերել և մինչև մայիսի վերջ եղել է 2-րդ պաշտպանական շրջանում։ Այդ ժամանակ նրա որդիներից մեկն էլ եղել է Ջրականի (Ջաբրայիլ) դիրքերում։ Անուշը թոնրահաց, ուտելիք ու տաք հագուստ է ուղարկել զինվորներին, իսկ ամուսինն այն հասցրել է հասցեատերերին։ Զորքն ու հրամանատարը երախտագիտությամբ են ընդունել։ 

«Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ տղաս՝ Արմանը, Մարտունու, միջնեկ տղաս՝ Արենը, Մարտակերտի ուղղությամբ էին։ Բնականաբար Արմենը ևս առաջնագծում էր՝ Ճարտարի դիրքերում։ Նա սեփական բեռնատարով սնունդ, զենք, ջուր էր հասցնում տղերքին»։ 

Գնալով պատերազմն ավելի էր մոտենում բնակավայրերին։ Մերձամարտերն ընթանում էին Մաճկալաշենի անտառային տարածքում։ Գյուղում մնացած միակ կինն ընկեր Գևորգյանն էր։ Նա միայնակ չի թողել ընտանիքի տղամարդկանց և մինչև հոկտեմբերի 25-ը մնացել է այնտեղ։ Հաջորդ օրը Հայաստան տեղափոխվելուց հետո նրա որդին՝ Արմանը, վիրավորում էր ստացել Մաճկալաշենի դիրքերում։ 

«Հայկական մեդիան ողողված էր «Հաղթելու ենք» կարգախոսերով, իսկ ես հասկանում էի, որ թշնամին արդեն հասել է Մաճկալաշենի մատույցներ։ Դրա համար ադրբեջանական ալիքներն էինք թերթում։ Աղջիկս է ցույց տվել, թե ինչպես են ադրբեջանցիները նկարահանել այն պահը, երբ օդային հարվածով խփում են Մարտակերտում ծառայող Արենի վարած մեքենային։ Նա հասցրել է ցատկել, փրկվել, իսկ մեքենան պայթել է։ Դրանից հետո էլ չի հանձնվել, շարունակել է կռվել»,- ասում է մայրը։

2020-ից հետո, երբ ընտանիքը վերամիավորվել է, Անուշ Գևորգյանի խոսքով՝ ավելի են սիրել Արցախը, շենացրել նրա ամեն մի չմշակված հողը։ Փխրուն խաղաղությամբ Արցախը գոյատևեց ևս 3 տարի։ 

«Տանն էինք, երբ նորից սկսվեց պատերազմը։ Բակում խորոված ենք արել, սեղան բացել ու սպասում էինք ամուսինս գար, ճաշենք։ Կեսօրին թշնամու արձակած հրթիռներն ուղիղ գյուղի վրա էին, որից մեկը պայթել է մեր տան բակում։ Երեխաներից մեկը քնած էր, մյուսը նոր էր արթնացել, հարսս հղի։ Տան առաստաղը պոկվեց, պատուհանները ջարդվեցին, ամեն ինչ կորավ սև ծխի ու փոշու մեջ։ Առաջին բանը, որ արել ենք, արագ երեխաներին դուրս ենք բերել, գնացել նկուղային հարկ։ Դա սարսափելի մի բան էր, երեխաներն այնպես էին լեղաճաք եղել, որ միայն գոռում ու լաց էինք լինում։ Արմենն այդպես էլ տուն չի եկել։ Հետո եմ իմացել, որ նա գնացել է դիրքեր, չնայած մեր համագյուղացու հորդորներին, նա ասել է՝ «գնում եմ տղերքի մոտ, ինչով կկարողանամ կօգնեմ»»։

Մաճկալաշենում թշնամին շարունակ կրակել է բնակելի տների ու թաղամասերի ուղղությամբ, այստեղ նաև քաղաքացիական զոհ է եղել։ Իրավիճակն այնչափ է վատացել, որ գյուղը տարհանվել ու ծվարել է ավելի բարձրադիր բնակավայրերում։ 

«Ես հարսիս ու երեխաներիս տեղավորել եմ համագյուղացու մեքենայում, տարեց ծնողներս մնացել էին մեր տանը։ Տղաս գնաց նրանց հետևից, իսկ ես ոտքով ճամփա ընկա, թե ո՞ւր՝ ես էլ չգիտեմ։ Գյուղի մեծ մասը գնացել էր Կոլխոզաշեն, մյուս ընտանիքները՝ Քերթ ու Ճարտար։ Կոլխոզաշենի գյուղապետ Սևակ Բաբայանն ու կինը՝ Անահիտը, մեծ գործ են արել, 200-ից ավելի մարդու տեղավորել են, իրենց տանն էլ արդեն տեղ չկար, բայց այդ մարդիկ ամեն ինչ արել են, որ ոչ ոք ոչնչի պակաս չունենա։ Այդ ժամանակ հավատ կար, որ նորից հետ ենք դառնալու, տեր կանգնենք մեր ունեցածին»։ 

Անուշին դեռ չէին հայտնել բոթը՝ ամուսնու զոհվելու լուրը, որովհետև կապ չի եղել։ Արմեն Հարությունյանն անմահացել էր «Լուսնյակ» կոչվող դիրքում։ Նրա դին իջեցրել ու տարել են Մարտունի, օրերով մնացել է այնտեղ։ Ու քանի որ Ստեփանակերտ բերող ճանապարհը փակ է եղել, իսկ բնակչության ճակատագիրն՝ անորոշ, նրան չեն կարողացել տեղափոխել։

«Մի քանի տախտակներով դագաղ են սարքել, տղաս ու մեր համագյուղացի մի քանի հոգի տարել ու գիշերը հուղարկավորել են մեր գերեզմանում։ Գիշերը, որովհետև թշնամու զորքն արդեն եղել է գերեզմանների վերևի հատվածում։ Արմենը սիրում էր հյուրասիրել մարդկանց, օգնել բոլորին։ Բոլոր ուրախ ու տխուր առիթներին նրան վստահում էին ամենակարևոր գործը՝ սեղանի պատրաստումը։ Բայց իր հուղարկավորումն այնպես հապճեպ եղավ, որ ո՛չ մարդիկ կարողացան գնալ, ո՛չ էլ հոգեհաց կազմակերպեցինք»,- արտասվում է Անուշ Գևորգյանը։ 

Կոլխոզաշենից ընտանիքն այնուհետև գնացել է Խնուշինակ՝ հարազատի տուն։ Սեպտեմբերի 25-ին, երբ շրջանը գաղթի համար ապաշրջափակվել է, ընտանիքը մեծ դժվարությամբ ցավը սրտում հասել է Ստեփանակերտ։ 

«Եթե այդ ժամանակ շատերը երազում էին փրկվելու և կամ հիմա մտածում են տուն վերադառնալու մասին, ես ոչինչ չեմ ուզում, քան մեկ անգամ ամուսնուս գերեզմանին այցելելը, ծաղիկներ խոնարհելը»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան