Ի՞նչ է սպասվում Վաշինգտոնում

Երեկ Վաշինգտոնում մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները՝ մի փոքր անսովոր, բազմաշերտ ու բազմահարթակ ձևաչափով:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովը երեկվա հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Ըստ հայկական կողմի՝ նրանք անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Ադրբեջանական կողմն իր տարածած հաղորդագրության մեջ միայն նշել է, որ քննարկվել են անվտանգության իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։
Մինչ այս հանդիպումը Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին քննարկումներ է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։
ԱՄՆ-ում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ եռակողմ բանակցություններին հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ երկկողմ հանդիպումը։
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, հղում անելով ԱՄՆ Պետդեպի աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում շարունակվելու են այս շաբաթվա ընթացքում՝ չսահմանափակվելով մեկ օրով և մեկ հանդիպմամբ։ Ավելի ուշ, այս տեղեկատվությունը հաստատվել է պաշտոնապես:
«Այս շաբաթ մենք խաղաղ բանակցություններ ենք վարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք փաստաթղթում անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղին, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, առանց հստակ մանրամասների, փոխանցել է՝ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին:
«Էթնիկ փոքրամասնություն» կոչվածը բացառում է ԼՂ քաղաքական, քաղաքակրթական սուբեկտության որևէ հեռանկար՝ ենթադրելով Արցախի հայության «ինտեգրում» Ադրբեջանին որպես ունիտար պետություն:
Առավել մտահոգիչ է ամերիկացի դիվանագետի այլ ձևակերպում, թե «կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանն Արցախում հայերին «հանդուրժելու» դիմաց՝ պահանջում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան:
Մենք ուշադրությամբ հետևելու ենք Վաշինգտոնում ծավալվող զարգացումներին:
Վահրամ Բագրատյան