Եթե բժշկի սառնասրտությամբ չնայեինք իրականությանը, մենք էլ կգժվեինք...

«Մեր բոլոր պացիենտները մեզ հետ հավասար պայքարում էին ապրելու համար, բայց, վիրահատական բաժանմունքի ինտենսիվ թերապիայի պալատում միջահասակ մի տղամարդ կար, որի վիճակն ավելի ծանր էր, բեկորային վիրավորումից բացի նաև կողոսկրերն էին ջարդված։ Կարծեմ ՊԲ կադրային սպա էր՝ Գագիկ անունով։ Նա 2-3 անգամ պիտի վիրահատվեր։ Անձնական որևէ տվյալ չունեմ ճշտելու նրա որպիսության մասին»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է վիրաբույժ Վարյա Իսրայելյանը։
Արցախցի բժիշկներից յուրաքանչյուրն իր հետ Հայաստան է բերել իր պատմությունը։ Պատերազմի ու գաղթի ականատեսն աշխատում է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում։
Գործընկերներն այստեղ նրան գրկաբաց են դիմավորել։ Հավանական վերադարձի մասին խոսելիս Իսրայելյանն ասում է՝ եթե խոսքը միայն հայկական Արցախի մասին է, ապա եթե ոչ առաջինը, առաջիններից մեկը կվերադառնա։
«Մասնագիտական ներուժս այժմ իրացնում եմ Երևանում, բայց ցանկացած պահի, ինչպես բոլոր արցախցիները, ես էլ պատրաստ եմ տուն գնալ, կյանքը սկսել զրոյից, վերստին ծառայել Արցախին»։
Վարյա Իսրայելյանի խոսքով՝ պատերազմը վիրավոր հայրենակցի կյանքի համար պայքարի ու հրաշքի սպասող նրանց հարազատների աչքերի տեսքն ունի։ Սովորական աշխատանքային օր էր հանրապետական բժշկական կենտրոնում, սակայն կեսօրին սկսված պատերազմը բուժաշխատողներին հիշեցրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։
«Պայթյունի առաջին ձայներն այնքան սովորական էին մեզ համար, որովհետև 44-օրյա պատերազմից հետո գրեթե ամեն օր սակրավորական խմբերն աշխատում էին տարածքում՝ ոչնչացնելով չպայթած զինամթերքը։ Հիվանդանոցը մեծ ու ապահով ապաստարան ուներ, եկան նախ շփոթված աշակերտներ, մանկապարտեզի տարիքի երեխաներ և ուսուցիչներ, հետո քաղաքացիական անձինք եկան, բոլորը վախեցած էին։ Չնայած 2020 թվականին կադրային ու նյութական ռեսուրսներով ավելի հագեցած էինք, բայց պատերազմի մարտահրավերն այս անգամ ընդունեցինք ավելի հանգիստ, փորձ ու իմունիտետ ունեինք»,- ասում է երիտասարդ բժշկուհին։
Ինչպես նախորդ անգամ՝ պատերազմի առաջին վիրավորները քաղաքացիական անձինք էին, երեխաներ։ Վարյա Իսրայելյանը մոտ 8 ամիս անց էլ այսօրվա պես է հիշում, թե ինչպես գործընկերներն անձնուրաց, արտակարգ ռեժիմով աշխատեցին մեկ կյանք ավելի փրկելու համար, մանավանդ, որ գնալով դիրքերից բերված վիրավորների թիվը ժամ առ ժամ ավելանում էր։
«Գործընկերներիս շատերը երեխաներ ունեին դպրոցներում, մի մասը՝ ամուսիններ դիրքերում։ Ոչ մեկի հետ կապ հաստատել չէր ստացվում, բայց բոլորը պատրաստ էին աշխատել։ Անգամ պատրաստ էին երեխաներին բերել հիվանդանոց, միայն թե բոլորը միասին լինեն։ Վիրաբուժական բաժանմունքում պրակտիկորեն վիրավորներն ավելի շատ էին։ Գլխավոր բժշկի ցուցումով հերթ էինք կանգնել ու ամեն մեկս հնարավոր ամեն ինչ անում էինք, որ մեր տղերքն ապրեն։ Գագիկի հետ այդտեղ եմ ծանոթացել։ Բայց վառելիքի պահեստի պայթյունի դեպքով ամեն ինչ խառնվեց իրար, ու հավանաբար նրան ևս տեղափոխեցին Հայաստան»,- պատմում է նա։
Բժշկուհու աշխատանքային փորձի ընթացքում երբևէ ամենածանր դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին։
«Աղետ էր, բառերով անհնար է վերապրածը նկարագրել։ Ես ու բժիշկ Գրիգորյանը 3-րդ հարկում վիրակապում էինք վիրավորներին, անհրաժեշտ դեղորայք տրամադրում, զրուցում նրանց հետ, կաթիլային միացնում, մի խոսքով՝ աշխատանքային վիճակ էր, երբ ներքին կապով դոկտոր Առստամյանը հաղորդեց՝ «դեպք է եղել բենզինի պահեստում, վիրավորներ են բերում այրվածքներով, ովքեր տեղում են, իջեք ընդունարան»։ Մենք ևս իջանք առաջին հարկ, ընդունարանում բացարձակ լռություն էր։ Ով կմտածեր, որ րոպեներ հետո իրարանցում կլինի։ Ու, գիտե՞ք՝ ինչ տեսարան էր․ սևացած, ուռած դեմքերով, անճանաչելի ու մերկ վիճակում խումբ-խումբ տղամարդիկ են ներս մտնում ու բոլորն աղաղակում են։ Եթե բժշկի սառնասրտությամբ չնայեինք իրականությանը, գուցե մենք էլ կգժվեինք։ Անցանք գործի»,- հիշում է Իսրայելյանն ու ափսոսում, որ ելնելով այրվածքներից ու ծանրության աստիճանից՝ շատերը, ցավոք, չդիմացան, նրանց մահն արձանագրվել է հենց Ստեփանակերտի հիվանդանոցում։
Հունան Թադևոսյան