Կարո՞ղ է ասես, թե վերջը Տեղ գյուղում ինչ եղավ․ Մկրտչյանը՝ Փաշինյանին

Ավելի լավ է միջազգային կառույցների հրապարակած թվերին հավատանք, թե ինչպիսի պատմական անկում է ապրել ՀՀ իշխանության վարկանիշը։

Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մարդիկ հավատում են իրենց «Ապագա կա» կարգախոսին։

Նրա խոսքով՝ այս իշխանությունը հայտարարում է, որ թուրքի ու ադրբեջանցու հետ միայն բարեկամություն է պետք, ու ոչինչ, որ չորս օրվա մեջ չորս հայի կյանք են խլում, ոչինչ, որ անհասկանալի պայմաններում շարունակվում են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները։

«Իրենք հանձնում են այդ տարածքներն իրենց կամքով, առանց դիմադրության։ Իսկ մեր հանրության 98%-ը պնդում է, որ Ադրբեջանը մեր թշնամին է, մենք Արցախը Ադրբեջանի կազմում չենք տեսնում։ Էն սիստեմատիկ ստերը, որ այստեղից հնչում են, սովորական բան են։ Ասում է՝ Հայաստանում աննախադեպ աճել են անկանխիկ գնումները, ասում ես՝ լսիր, մի քանի ամիս առաջ բերել էիր, որ կանխիկ գնումներն արգելում ես, հիմա դա ի՞նչ աննախադեպ աճ»,- նշեց նա։

Աննա Մկրտչյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ կարո՞ղ է Արցախի ինքնորոշման հարցից խոսես, կարո՞ղ է ասես, թե վերջը Տեղ գյուղում ինչ եղավ, կարո՞ղ է ասես, թե ի՞նչ է արվելու էն տարբեր գույն բերետներով «կենդանիների հետ», որ Եռաբլուրում բռնություն գործադրեցին զոհված տղաների մայրերի նկատմամբ։

«Էս երկրում մի ինստիտուտ է մնացել՝ ախռանիկների ինստիտուտը, քանի որ դա է օգնում իրեն պահել իշխանությունը։ Ինքը երեկ ասում էր, որ ոստիկանը խնդիր չպետք է ունենա, քանի որ, եթե նրանք ունեցան պրոբլեմ, հենց Փաշինյանն է ունենալու պրոբլեմ»,- նշեց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։