Միջազգային հանրության լռության պատճառով Ադրբեջանն ուժեղացնում է իր ագրեսիվ քաղաքականությունը․ պետնախարար

Արդեն 102 օր է Արցախի ժողովուրդը գերության մեջ է, փակ է Արցախը Հայաստանին կապող և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Ադրբեջանի կողմից առաջ բերված բնապահպանական կեղծ պատրվակներով պայմանավորված։
Արցախը Հայաստանին կապող ճանապարհը լոկ ճանապարհ չէ, այն ունի բազմակի նշանակություն, քանի որ սա է արցախցու կյանքն ապահովում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Սա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհում փորձ է արվում առհասարակ ազատականացնել սահմանները։ Մարդը աշխարհի համար բարձրագույն արժեք է, մարդը, բայց թվում է՝ ոչ Արցախում ապրող մարդը: Մենք ինչ-որ բան չենք պահանջում, մենք այս իրողության հետ ապրել ենք տևական տարիներ և ընդունել ենք այդ իրողությունը, աշխարհից երբեք ավելին չենք աղերսել։ Այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում մարդուն հասանելի է ծնված օրից և պետության կողմից երաշխավորվում է մինչև մահ, մեր դեպքում՝ սերունդների կյանք, տառապանք ու ցավ է արժենում»,-ասաց նա։
Ներսիսյանը ներկայացրեց, որ 2022թ դեկտեմբերի 12-ից անցել է 102 օր, 102 օր է Արցախի բնակչությունը զրկված է Հայաստանի հետ կապի հնարավորությունից ու թեև այս ողջ ընթացքում համընդհանուր քննարկման առարկա է դարձված ճանապարհի արգելափակումը, որը Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների նկատմամբ ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ ընդամենը տարրերից մեկն է կազմում, քանի որ Ադրբեջանն ունի մի քանի նպատակ՝ տարբեր գործողություններով։
«Առաջինը՝ տնտեսական շրջափակումն ու Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացումն է, որը տեղի է ունենում էներգամատակարարման, գազամատակարարարման պարբերական խափանումների, հեռավար կապի միջոցների աշխատանքների համար խոչընդոտներով։ Երկրորդը՝ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումն է, ինչպես նաև արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն է։ Երրորդ գործողությունը արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն է, վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելը, անորոշության վիճակ ստեղծելը: Չորրորդ արարը Արցախի էթնիկ զտումն է, ընդհուպ մինև ցեղասպանություն: Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի, դրա համար նրանք ձեռնարկում են բոլոր միջոցները»,- ասաց Ներսիսյանը։
Պետնախարարի խոսքով՝ Արցախի Կառավարության հնարավորությունները բավարար չեն թեկուզ նվազագույն պայմաններն ապահովելու համար, սակայն Արցախի արգելափակման առաջին իսկ օրվանից իրենք ապահինել են Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի եւ ԿԽՄԿ արցախյան ներկայացուցչության օգնությանը:
«Այս ողջ ընթացքում նրանք մի կերպ մեզ հասցնում են պարենը, դեղորայքը եւ առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակը: Հիվանդները ՀՀ են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ՝ Ադրբեջանի հետ տարվող երկարատև բանակցություններից հետո։ Տեղում դադարեցվել են բոլոր վիրահատությունները, նվազագույնի է հասցվել բժշկական միջամտությունը»,- թվարկեց նա:
Ապա դիմելով միջազգային հանրությանն՝ ընդգծեց․
«2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած ձեր աչքի առաջ տեղի են ունենում մեր օրերի հետ անհամատեղելի ոճրագործություններ, մարդկային տարրական իրավունքների ոտնահարման փորձեր, բայց միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ պատճառով Ադրբեջանը պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը: Այդ պատճառով երեք ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն առարկայնորեն չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլև միջազգային հանրության ցուցաբերած պասիվությունից ու անգործությունից օգտվելով ավելի է սաստկացրել իր գործողությունները՝ կատարելով սպանություններյս ամենից հետո Ադրբեջանը մնում է անպատիժ ու անպատասխան»։
Լիաննա Թորոսյան