Քաղաքացիական անհնազանդության ևս մեկ բաղադրիչ՝ տոտալ աղքատությունը

Քաղաքացիական անհնազանդության ևս մեկ բաղադրիչ՝ տոտալ աղքատությունը

Իհարկե, Հայաստանում մեկնարկող նոր ընդդիմադիր շարժման առանցքային թեման Հայաստանի իշխանության պարտվողական ղարաբաղյան քաղաքականությունն է, հայ- թուրքական դիալոգը, որն ընթանում է Անկարայի օրակարգով։ 

Սա ակնհայտ է ու պատահական չէ, որ խոսք է գնում անգամ ղարաբաղյան նոր շարժման մասին։

Բայց պետք չէ անտեսել նաև շարժման սոցիալական բաղադրիչը, մանավանդ, որ մեր հասարակության նորանոր խմբեր հայտնվում են աղքատության ճիրաններում՝ համատարած թանկացումների ու կառավարության անարդյունավետ քաղաքականության հետևանքով։

Հաց և հացամթերքը թանկացել է 10, բուսական յուղը՝ 48-52, շաքարավազը՝ 50, ալյուրը՝ 12,5%-ով։

Թանկացումների այս շարքը կարելի է անվերջ թվարկել, սակայն էականն ու ցավալին այն է, որ կառավարությունը նույնիսկ այս պարագայում չի վերանայում բյուջետային ծախսերը, որևէ քայլ չի իրականացնում՝ սոցիալական լարվածությունն ու վերահաս հումանիտար ճգնաժամը մեղմելու ուղղությամբ։

Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը չընդգրկվեց ԱԺ ավարտված քառօրյայի օրակարգ։ Քվեարկությանը մասնակցած 88 պատգամավորներից կողմ քվեարկեց 32, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Բնականաբար, դեմ են քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավորները։ Նրանց պատճառաբանությունը ստանդարտ է՝ բյուջեում փող չկա։

Իհարկե, բյուջեում միջոցներ կան՝ կլորիկ պարգևավճարների, ծառայողական ճոխ մեքենաներ գնելու, իշխանավորների կոմֆորտն ապահովելու համար, բայց գումար չկա՝ շարքային քաղաքացու, նրա կենսական կարիքները հոգալու համար։

Գրեթե վստահ կարող ենք արձանագրել, որ ընդդիմադիր նոր շարժման հիմքում՝ ազգային խնդիրներից բացի, ընդգծված է լինելու նաև սոցիալական արդարության բաղադրիչը։

Վահրամ Բագրատյան