Չինաստանը և ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր են սահմանում. որո՞նք են պատճառները

Չինաստանը մարտի 10-ից 10-15 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականության։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությունը։
15%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր կկիրառվեն ԱՄՆ-ից հավի, ցորենի, եգիպտացորենի և բամբակի համար։ 10%-ի չափով լրացուցիչ տուրքեր են սահմանվում սորգոյի, սոյայի, խոզի, տավարի մսի, ջրային մթերքների, մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի համար։
Չինաստանը նաև 15 ամերիկյան ընկերություն է ավելացրել արտահանման վերահսկման իր ցուցակում՝ «երկրի անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար»։
Բացի այդ, ԱՄՆ-ը սկսել է ներմուծման մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ապրանքների համար, որոնք նախկինում մեկ ամսով հետաձգվել էին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային և Մեքսիկային լայն հնարավորություն է տվել զսպելու վտանգավոր կարտելային գործունեությունը և մահացու թմրանյութերի հոսքը մեր երկիր, նրանք չեն կարողացել պատշաճ կերպով լուծել իրավիճակը»,- ասվում է փաստաթղթում։
Հայտարարության մեջ ԱՄՆ-ը մեղադրել է Մեքսիկայի իշխանություններին թմրակարտելների դեմ պատշաճ կերպով պայքարելու համար ու նշել, որ հանցավոր կազմակերպություններն ընդլայնում են իրենց անօրինական բիզնեսը Կանադայում, որտեղից, ըստ ԱՄՆ վարչակազմի, թմրանյութերի զգալի հոսք է գալիս նաև ԱՄՆ։
Սպիտակ տունը նաև ընդգծել է, որ իրենց գործողություններն ուղղված են ԱՄՆ-ի առևտրային շահերի պաշտպանությանը։
Փետրվարի 1-ին Թրամփը գործադիր հրաման էր ստորագրել, որով ավելի բարձր մաքսատուրքեր են սահմանվում Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների վրա։ Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել Չինաստանից ներմուծման 10% մաքսատուրքերը, իսկ կանադական և մեքսիկական ապրանքների մաքսատուրքերը մեկ ամսով հետաձգվել էին՝ սպասելով այդ երկրների կառավարությունների հետ բանակցություններին: Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն երկուշաբթի ասել է, որ երկիրն անմիջապես պատասխան մաքսատուրքերով կպատասխանի, եթե ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր սահմանի։