Արցախցիներին վիրավորելու և պիտակավորելու համար ՖԲ oգտատիրnջ դեմ hաղnրդում կներկայացվի ՀՀ Դատախազություն

Արցախցիներին վիրավորելու և պիտակավորելու համար ՖԲ oգտատիրnջ դեմ hաղnրդում կներկայացվի ՀՀ Դատախազություն

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրույթում շարունակվում է արցախցիների դեմ արշավը, որը հատկապես մեծ թափ է ստացել Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կազմակերպված շարժումից հետո։ Մասնավորապես, Թերեզա անունով ոմն մի կին, որը, կարծես, նախկին լրագրող է, իր վերջին գրառմամբ ոչ միայն վիրավորել, այլև սոցիալական իր հարթակում ուղղակիորեն խտրական վերաբերմունք է ցուցաբերել ու թշնամանք սերմանել արցախցիների հանդեպ։ 

Հաշվի առնելով դրա բովանդակությունը՝ MediaHub-ը այն չի մեջբերում։ Փոխարենն այս առթիվ մենք կապ ենք հաստատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որտեղ բանավոր պատասխանել են, որ այդ հարցը ՄԻՊ գրասենյակի պատասխանատվության տիրույթում չէ։ 

Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ծանոթանալով սույն տիկնոջ գրառմանը, արձագանքեց, որ գրառումն ակնհայտորեն ներազգային, ներհասարակական ատելության ու թշնամության հրահրման շատ հստակ օրինակ է։

«Գրառման մեջ հստակ պիտակավորումներ կան հայ ժողովրդի կոնկրետ մի խմբի հանդեպ՝ տվյալ դեպքում արցախցիների հանդեպ, ընդհանրացվում է վերաբերմունքն ու ապօրինի գործողությունների կոչ է արվում՝ հստակ նպատակ ունենալով նվաստացնել և ատելություն սերմանել արցախցիների հանդեպ, որը նշանակում է, որ այստեղ հստակ քրեական հանցագործության տարրեր կան, և կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է պատշաճ կերպով արձագանքեն։ Առավել ևս, որ տարբեր դրվագներ նմանատիպ եղել են, որ քրեական գործ է հարուցվել»,- նշեց Բեգլարյանը՝ մեջբերելով ամենացցուն՝ կինոռեժիսոր Արմեն Գրիգորյանի հետ կապված օրինակը։

«Եթե Արմեն Գրիգորյանի դեպքով, մեծ հաշվով, բավականին կեղծ ձևով էր հիմնավորված, ապա այս պարագայում շատ հստակ է։ Ակնհայտ է, որ անձը հայտնի է, հետևաբար որևէ դժվարություն չի լինելու քրեական վարույթ հարուցել այս անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»,- շեշտեց նա։

Բեգլարյանը նշեց, որ գրառումը և տվյալներն արդեն փոխանցել է իր փաստաբան ընկերներից մեկին, որը հաղորդման ձևով ներկայացվելու է ՀՀ գլխավոր դատախազություն։

«Սա բացարձակորեն անընդունելի է ոչ միայն իրավական, այլև՝ էթիկական-բարոյական տեսանկյունից, հաշվի առնելով, որ հատկապես իշխանությանը հարող տարբեր շրջանակներ երբեմն ակտիվորեն արցախցիների հանդեպ վատ վերաբերմունք են սերմանում ու տարածում՝ իհարկե՛ տարբեր նպատակներից ելնելով: Ինձ համար շատ հստակ անելիքներից է, որ իշխանությունները կոշտ ձևով նմանատիպ երևույթների դեմը պետք է առնեն ոչ միայն իրավական գործիքակազմերով, այլ նաև քաղաքական։ Այսինքն, պետք է լինի հանրային պարսավանք և՛ հասարակության, և՛ պետական մարմինների կողմից։ Նմանատիպ անձինք որևէ խրախուսանք չպետք է զգան իշխանություն ունեցող անձանց ու մարմինների կողմից»,- ասաց նա։

Արտակ Բեգլարյանը նաև նշեց, որ, ցավոք, նկատելի է նաև հակառակ երևույթը, և այս դեպքում առաջարկեց, որ գոնե իրավապաշտպանական համայնքը, հանրային, հասարակական շրջանակները ակտիվ կերպով երևույթը հանրային պարսավանքի ենթարկեն, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, որ ատելության քարոզով կարելի է հասնել նեղ անձնական կամ նեղ խմբային քաղաքական նպատակներին։  

«Ու կապ չունի՝ միայն արցախցիների՞ հանդեպ է, թե՞ հայ ժողովրդի այլ խմբերի հանդեպ։ Ընդհանրապես, նմանատիպ որևէ երևույթ, կապ չունի, ում հանդեպ և կամ ում կողմից է իրականացվում՝ ընդդիմադիր, իշխանական, թե չեզոք, պետք է բոլորը բացառել և արմատախիլ անել»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Հունան Թադևոսյան