Արայիկ Հարությունյանը հանգստացնում է, բայց գնացքն արդեն գնացել է․․․

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, երեկ կառավարության նիստին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով` ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Արցախի իշխանության հետ նման պայմանավորվածության մասին օրերս ակնարկել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Թերևս, նման հավաստիացումների նպատակը Հայաստանում թափ առած ընդդիմադիր շարժումը կասեցնելն է։
Իրականում, ինչ հավաստիացումներ էլ հնչի պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի կողմից, հայ- ադրբեջանական հարաբերություններում գործընթացներն ակտիվ շարունակվում են՝ մտահոգիչ դրսևորումներով։
Երևանն ու Բաքուն քննարկել և արդեն համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ԱԳ նախարարների երեկվա հեռախոսազրույցում: Բացի այդ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են հանդիպել, թե երբ է կայանալու այդ հանդիպումը, պաշտոնապես դեռ չի հաղորդվում, չի հստակեցվում նաև, թե հանձնաժողովն ինչ կառուցվածք է ունենալու:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով Մոսկվայի հատուկ բանագնաց, Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն ասել է, որ Բաքուն արդեն իսկ նշանակել է խաղաղ պայմանագրի բանակցություններում Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության անդամներին, ինչպես նաև հստակեցրել է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ադրբեջանական կազմը։ Ընդ որում, Ալիևը դարձյալ պնդել է, թե խաղաղության բանակցություններն ընթանալու են Բաքվի առաջարկած հինգ սկզբունքների օրակարգով։
Արդյո՞ք Հայաստանում սկսված ընդդիմադիր շարժումը չի կասեցնում Փաշինյանի թիմի մտադրությունները, թե՞ հայ-ադրբեջանական դիալոգի հարցում գոյություն ունի միջազգային կոնսենսուս, որն այդքան վստահություն է ներշնչում Հայաստանի վարչապետին։ Թերևս, որոշողը Հայաստանի հասարակությունն է, որի առաջիկա օրերի հրապարակային ճնշումը մեծապես կանխորոշելու է զարգացումները ոչ միայն երկրի ներսում, այլ նաև հայ- ադրբեջանական հարաբերություններում։
Վահրամ Բագրատյան