Կանգառային «բարեփոխումներ», կամ՝ «կեցցե քաղաքապետը»

Կանգառային «բարեփոխումներ», կամ՝ «կեցցե քաղաքապետը»

Նախատեսվում է իրականացնել հասարակական տրանսպորտի կանգառների տեղաբաշխում և կահավորում, ավտոկայանատեղերի կանոնակարգում՝ ուղևորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:

Նախատեսվում է արդիականացնել բոլոր կանգառասրահները համապատասխան կահավորանքով և նոր տեղաբաշխմամբ։ Սա ընդամենը մեկ նախադասություն է՝ Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրից։ 

Ավելի բարեկարգ ու կահավորված կանգառներ ունենալու համար 2022թ. ընթացքում Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված 44 կանգառասրահներ փոխարինվել են նորերով, ևս 33-ը տեղադրվել են գործող կանգառներում: Բացի այդ, ևս 2 կանգառասրահ տեղադրվել են Գ. Նժդեհի փողոցում:

«2023թ. նախատեսվում է կանգառասրահներ տեղադրել 20 կանգառներում՝ Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջաններում, համապատասխանաբար, 13 հատ և 7 հատ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հաշվետվությունում։ 

Առաջին հայացքից թվում էր, թե իրենց գրպանի միջոցներով իրականացված «կանգառային բարեփոխումները» երևանցիները գոնե մի քանի տարի պիտի վայելեին։ Բայց այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արտահայտեց թե՛ իր, թե՛ հասարակության հիասթափությունը։

«Նոր դրած կանգառասրահներում նստարաններն արդեն ժանգոտված են»,- հայտարարեց քաղաքապետը՝ նշելով, որ հետերաշխիքային սպասարկման ժամկետը դեռ ավարտված չէ։

Իրեն բնորոշ տոնով Սարգսյանը հրահագնեց տենդերը շահած ընկերությանը ծանուցել առաջացած խնդրի մասին։ 

Գնումների վարչությանն էլ խնդրեց օգնել տրանսպորտի վարչությանը, որպեսզի կարողանան վերականգնել քաղաքային գույքը։

«Բացի այդ, կան կանգառներ, որոնց տեղադրումն ուշացել է։ Այս շաբաթ սպասվում է, որ կդրվեն։ Կարգ ու կանոն պիտի լինի»,- ասաց Սարգսյանը։ 

Նա հանձնարարական տվեց, որ բոլոր կանգառների տեղադիրքի մասին եզրակացություններ տրվեն։ Ըստ Սարգսյանի՝ խայտառակ վիճակ է, տրանսպորտից չհասկացող մարդը կարող էր նման դիրքում տեղադրել այդ կանգառները։ 

Ումի՞ց է դժգոհ Սարգսյանը․ այն կազմակերպությունից, որի հետ պայմանագիր է կնքե՞լ։ Ի դեպ, նշյալ կանգառների հետ կապված պատասխանատվությունը քաղաքապետարանը փոխանցել է «Outdoor Effect» ընկերությանը, որն էլ վարում է կանգառների տեղադրման հետ կապված ֆինանսական քաղաքականությունը։

Ընկերությունից փորձեցինք պարզել, թե որքա՞ն գումար է ծախսվել այս՝ արդեն իսկ «անմխիթար» վիճակում հայտնված կանգառների կահավորման համար, սակայն չհաջողվեց։ Լրատվական բաժին, մամուլի պատասխանատու չունեին, հարցերին պատասխանելու իրավասություն ունի միայն տնօրենը, նա էլ՝ երկրում չէ։ Իսկ ե՞րբ կլինի, պարզ չէ, մեր զանգին պատասխանած աշխատակիցը չգիտեր։

Վերը նշված հարցերի պատասխանը ստանալուն MediaHub.am-ը հետամուտ է լինելու, իսկ այժմ կարող ենք արձանագրել, որ իրականացված բարեփոխումներն անգամ մեկ տարի չեն ծառայում քաղաքացիներին։

Սակայն, այս ամենն ինչ-որ առումով քաղաքային իշխանություններին հնարավորություն է տալիս «դաբլ PR» իրականացնելու՝ հետևյալ սխեմայով․ նոր կանգառներ տեղադրվեցին, «կեցցե քաղաքապետը», նստարանները ժանգոտվել են ու փոխվելու են, կրկին՝ «կեցցե քաղաքապետը»։

Նարե Գնունի