Այսօրվա հանրահավաքի ինտրիգը․ հանդիպման վայրը հայտնի է

Այսօրվա հանրահավաքի ինտրիգը․ հանդիպման վայրը հայտնի է

 

Երեկվա հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը մի քանի սկզբունքային հայտարարություններ է արել՝ հստակություն մտցնելով ընդդիմության օրակարգում ու «ճանապարհային քարտեզում»։

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության  ժամանակավոր կառավարություն»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Նոր կառավարությունը չի լինելու որևէ մեկինը. վստահեցրել է Սաղաթելյանը՝ նշելով, որ կառավարության կազմում ընդգրկվելու են կարող ուժերը։

Սաղաթելյանի պնդումը ենթադրում է, որ ընդդիմությունը ձգտում է Փաշինյանի հրաժարականին ու ժամանակավոր կառավարության ձևավորմանը ու որևէ պարագայում չի պատրաստվում նրա հետ միասին նոր արտահերթ ընտրությունների մասնակցել։

«Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Այսօր ներքաղաքական այս պարտիայի կուլմինացիոն կետերից մեկն է։ Հակադրության կողմերը խաչմերուկում հայտնվելու հնարավորություն ունեն։ Զարմանալիորեն մինչ այս պահը լռություն պահպանած Փաշինյանը գալու է ԱԺ, գուցե աշխարհագրական նույն տարածքին մոտենա ընդդիմությունը, որն իր հանրահավաքի ժամը հարմարեցրել է Փաշինյանի գրաֆիկին։ Բանն այն է, որ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի օր է ու Փաշինյանը գալու է խորհրդարան ու դրա հետ կապված՝ ընդդիմության հանրահավաքն ավելի վաղ ժամի է  նշանակված։
«Վաղը շարունակում ենք մեր բողոքի ակցիաները: 12:00-14:00-ին կոչ եմ անում քաղաքացիներին փակել ճանապարհներ, իսկ 15:30-ին հավաքվել այս հրապարակում»,- ասել է Սաղաթելյանը։

Այսպիսով, օդում կախված է մնում օրվա հիմնական ինտրիգը՝ կգնա՞ն ցուցարարները ԱԺ-ին հարող տարածք՝ կառավարության ու պատգամավորներ վրա հանրային ճնշում բանեցնելու նպատակով, թե՞ ընդդիմությունն այլ մարտավարություն կորդեգրի։ Համենայն դեպս, սա այն դեպքն է, երբ Փաշինյանի ու ընդդիմության հնարավոր «հանդիպման» վայրը հայտնի է։

Վահրամ Բագրատյան