Աղավնո․ Սրբոց Նահատակաց եկեղեցի․ Տեսարժան վայրեր, ուր միգուցե դեռ հասցնենք այցելել (լուսանկարներ)

MediaHub.am-ը պարբերաբար իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերն, ուր կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քսանութերերդ անդրադարձում Աղավնոն է, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։
Աղավնո գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան մասում։ Ունի լեռնային տարածք, որով հոսում է Հակարի գետը։ Ունի 4889,0 հա տարածք, որից 1099,2 հա-ը անտառային նշանակության են։
Աղավնոյի և հարակից տարածքների հին պատմամշակութային շերտը սկսած 1800-ական թվականներից, երբ այդտեղ են սկսել հաստատվել թյուրքական և քրդական ցեղերի ներկայացուցիչները, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է վերջինների կողմից։ Այնուամենայնիվ, առկա տեղեկությունները վկայում են, որ բնակավայրի տարածքում գտնված որոշ պատմամշակութային հուշարձանների մասին։ 1898 թվականին գերմանացի հնագետ Էմիլ Ռյոսլերը գյուղի մերձակայքում գտնվող հնավայրն ուսումնասիրելու ժամանակ հայտնաբերել է հայկական գերեզմանոցի հետքեր, մասնավորապես, տապանաքարերի բեկորների։
Աղավնո գյուղում՝ Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի մոտ է գտնվում 2002 թվականին կառուցված հայկական առաքելական Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Կրոնական կառույցը բաղկացած է եկեղեցուց և Արցախյան ազատամարտի հուշահամալիրից։
Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին է գտնվում Բերձորի և հարակից տարածքների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը, այն կազմված է 4 քարե սալիկներից, որոնց վրա վերին մասում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», իսկ ներքևի մասում նահատակված մի շարք ազատամարտիկների անուններ։
Ցավոք, 2022 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո գյուղը, այդ թվում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցին, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։