Ոստիկանությունը՝ ռեպրեսիվ մեքենա

Ոստիկանությունը՝ ռեպրեսիվ մեքենա

Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։ Այս մասին պաշտոնապես հայտնում են Ոստիկանությունից։

«Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար»,- ասված է ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Ծեծված այս ձևակերպմամբ՝ երեկ ողջ օրը ոստիկանությունն ակնհայտ ռեպրեսիվ մեթոդներ է կիրառել Երևանի տարբեր փողոցներում, հատվածներում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանության գործողությունները բացահայտորեն դուրս էին գալիս օրինականության դաշտից ու երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե գործ ունենք համազգեստավոր բանդաների հետ։

Օրինակ, ի՞նչ անուն տաս նրան, որ Ազատություն պողոտայում ոստիկանները կոտրում են ցուցարարներից մեկի մեքենայի դիմապակին, Թումանյան փողոցում գետնին են տապալում մարդկանց՝ ընդամենը Նիկոլ Փաշինյանին քաղաքական գնահատականներ տալու, նրա հրաժարականը պահանջելու համար, Ազատության հրապարակում իրավապահները սադրանք են բեմականացնում՝ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ բռնություններ կիրառելու, նրանց բերման ենթարկելու նպատակով։

Իսկ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում՝ աննախադեպ էր Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Ակցիա անելու համար՝ ոստիկանները պարզապես առևանգեցին ու բերման ենթարկեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանին։

Ավելին, նախօրեին ակցիաների երեք մասնակից է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով։ Ձերբակալված երիտասարդները ՀՅԴ անդամներ են։

Երբ թույլ իշխանությունը ոչ թե երկխոսում է իր ընդդիմության կամ հասարակության հետ, այլ պարբերաբար «հաղթում» է նրանց, որպես կանոն` ավելի կախյալ ու թույլ է դառնում արտաքին հարաբերություններում։

Վահրամ Բագրատյան