Հումանիտար ճգնաժամ Արցախում. օղակը սեղմվում է

Հումանիտար ճգնաժամ Արցախում. օղակը սեղմվում է

«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». արդեն այսպիսի եռազելու ցուցանակ է տեղադրվել Հակարիի կամրջի վրա։ 

Ադրբեջանական կողմն ավարտին է հասցնում երկու օր առաջ տեղադրված անցակետի ձևավորումը:

Ի դեպ, մինչ հայաստանյան «հաստիքային» արևմտամետները տեղի ունեցածի մեջ մեղադրում են բացառապես Ռուսաստանին՝ Բաքուն վկայակոչում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Երևանի հայտարարությունները։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցրել է Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններն՝ օրինական որակելով անցակետի տեղադրումը։

Ավելին, փուչիկի պես պայթում է Փաշինյանի իշխանության մեկ այլ նարատիվ, թե իբրև զոհաբերելով Արցախը՝ հնարավոր է փրկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Երևանը պետք է ութ պահանջ կատարի Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար, այդ թվում՝ վերադարձնի սահմանամերձ ութ գյուղեր»,- երկուշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը՝ ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը։

Ադրբեջանի ներկայացուցիչն օրակարգ է բերում, այսպես կոչված, անկլավների խնդիրը:
Իսկ Արցախում հումանիտար ճգնաժամը ավելի խորանում է. Ադրբեջանի կողմից լրացուցիչ սահմանափակումները հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության։

Միակ լավատեսական լուրն այն է, որ Արցախի կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում երեկ երեկոյան հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից: Բայց բոլորս ենք հասկանում՝ սա ելք չէ...

Օր 136-րդ. Արցախի շուրջ օղակը սեղմվում է...

Վահրամ Բագրատյան