ՀՀ խաբված քաղաքացիներն այլևս չեն ցանկանում լսել Փաշինյանի մոնոլոգը

ՀՀ խաբված քաղաքացիներն այլևս չեն ցանկանում լսել Փաշինյանի մոնոլոգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

2018թ.-ից մինչև այսօր ՔՊ-ն ՀՀ քաղաքացիներին մոլորեցրել է տարբեր քաղտեխնոլոգիաների և հազարավոր ֆեյքերի միջոցով՝ մեդիամանիպուլյացիան դարձնելով իշխանության պահպանման հիմնասյուն:

Ինչ պետք է Փաշինյանը ներկայացնի ՀՀ քաղաքացիներին՝ կազմաքանդված տնտեսություն՝ ռեկորդային գնաճով, զրո նոր աշխատատեղերով, ահռելի թվերի հասնող արտագաղթով, փլատակների վերածված Արցախով՝ հայոց պարծանք Շուշիում այսօր ծածանվում է ադրբեջանական դրոշ, թե «խաղաղության դարաշրջան», երբ գրեթե ամեն ամիս հայ զինծառայող է զոհվում կամ վիրավորվում հայ-ադրբեջանական սահմանին:

ՀՀ քաղաքացիները պետք է անտեսեն և չհետևեն Փաշինյանի ասուլիսին, այլապես հանդիպելու են ամեն ինչում կրկին «նախկիններն» են մեղավոր արդեն անտանելի դիտարկմանը:

Սակայն եթե ՀՀ քաղաքացիներին դուր է գալիս, երբ իրենց խաբում են, ապա Փաշինյանի «փաստարկները» նրանք կարող են ընդունել ի գիտություն և շարունակել ապրել Հայաստանում, որտեղ միայն ՔՊ-ականներն են լավ ապրում, իսկ հասարակության ճնշող մեծամասնությունն աղքատ է:

ՔՊ-ն արդեն մի քանի տարի է իշխանության է, սակայն ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում որևէ դրական փոփոխություն՝ կյանքի որակը, սոցիալական վիճակը միայն վատթարանում են, իսկ ՔՊ-ն շարունակում է խաղալ հասարակության էմոցիաների վրա՝ «վախեցնելով» հասարակությանը «նախկինների» վերադարձով:

Փաշինյանը փորձելու է ՀՀ քաղաքացիներին մատուցել նոր «ձեռքբերումներ»՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին հայտարարությամբ, սակայն խաղաղություն չի լինելու, քանի որ Բաքուն ցանկանում է հայաթափել Արցախը և գրավել այսօրվա ՀՀ ողջ տարածքը:

Բացի այդ, ՔՊ-ի լիդերը խոսելու է «բարեփոխումների» մասին, սակայն դա ոչինչ չասող բառ է, քանի որ բարեփոխումների արդյունքում մարդկանց կյանքը պետք է շոշափելիորեն լավանա, այլ ոչ թե վատանա:

Արդյունքում, մեր քաղաքացիներն իրենց ժամանակը կարող են անհամեմատ ավելի արդյունավետ օգտագործել, քան Փաշինյանի առաջարկած ասուլիսին հետևելն է:

Համոզված ենք՝ ՀՀ խաբված քաղաքացիներն այլևս չեն ցանկանում լսել Փաշինյանի մոնոլոգը:

Վահրամ Բագրատյան