ՀՀ դատական համակարգը «ՔՊ-ականացվում» է

ՀՀ դատական համակարգը «ՔՊ-ականացվում» է

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 9 հրամանագիր է ստորագրել, որոնցով Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ է նշանակել։ Դատական գործերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դերում հանդես եկող Գևորգ Գյոզալյանը նույնպես նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:

Մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցի գործով Փաշինյանի ներկայացուցիչն էր նորանշանակ դատավոր Գևորգ Գյոզալյանը:

«Թավշյա Հայաստանում» դատական իշխանությունը, որը պետք է լինի անկախ մարմին` իշխանության անկախ ճյուղ, դե-ֆակտո վերածվում է Փաշինյանի «դաբրոյով» համալրվող ինստիտուտի: Դատավորներ են նշանակվում այն մարդիկ, ովքեր ՔՊ-ի «նեղ» շրջանակից են կամ նախկինում որոշակի ծառայություններ են մատուցել գործող իշխանություններին:

ՔՊ-ն ամեն տեղ հայտարարում է, թե ՀՀ-ն իրենց օրոք վերածվել է ժողովրդավարության բաստիոնի, սակայն ժողովորդավարության հիմնասյունը՝ անկախ դատական համակարգն է, որը հակակշռում է իշխանության մյուս ճյուղերին՝ գործադիրին և օրենսդիրին և չի կայացնում որոշումներ «վերևից» հրահանգով կամ զանգով:

Դատական իշխանությունն աստիճանաբար համալրվում է Փաշինյանին և ՔՊ-ին հավատարիմ յուրային մարդկանցով, որպեսզի դատական համակարգը կայացնի այնպիսի որոշումներ, որոնք կբխեն գործող իշխանությունների ներքաղաքական շահերից:

2018թ.-ից ի վեր ՀՀ բոլոր առանցքային պաշտոններում՝ օրենսդիր, գործադիր, ՏԻՄ, ուժային և այլն նշանակվում են ՔՊ-ական կադրեր կամ ՔՊ-ի հետ փոխկապակցված «անկախ» գործիչներ: Այսօր «ՔՊ-ացման» ճանապարհին է դատական համակարգը: ՀՀ դատական բարձր ատյաններում պաշտոնների բաշխումը հիմնականում կատարվում է ոչ թե հիմք ընդունելով հավակնորդների պրոֆեսիոնալ, մասնագիտական կարողություններն ու գիտելիքները, այլ ՔՊ-ի «սրտի թեկնածուներն» են համալրում թափուր պաշտոնները:

Դատական իշխանությունը ժողովրդավարական երկրներում չպետք է լինի գործադիրի կցորդը կամ կուսակցական ազդեցությունների գոտում գտնվի: Անկախ դատական համակարգը ցանկացած ժողովրդավարական պետության իմունիտետն է:

Վահրամ Բագրատյան