Քաղաքացիական անհնազանդություն՝ մոտ օրերս․․․

Քաղաքացիական անհնազանդություն՝ մոտ օրերս․․․

Թերևս, Նիկոլ Փաշինյանը չէր հաշվարկել, թե իր հայտնի ելույթը ԱԺ ամբիոնից ինչպիսի ցասում է հարուցելու մեր հանրության շրջանում։


Հայաստանը եռում է՝ առայժմ, իհարկե, փոքր, լոկալ ակցիաների տեսքով։ Միայն Ազատության հրապարակում դիմադրության առնվազն մի քանի կենտրոն է ձևավորվել։ Դրանք ավտոնոմ նախաձեռնություններ են, սակայն միասնական օրակարգով, նույն նպատակին միտված։


Երեկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասել է, թե մոտ օրերս «Հայաստան» խմբակցությունը բողոքի զանգվածային ակցիաներ է նախաձեռնելու, որի մեկնարկը տրվելու է ապրիլի 23-ին՝ ավանդական Ջահերի երթով, որն այս տարի համազգային միասնության խորհրդից բացի՝ ունի պրակտիկ քաղաքական բաղադրիչ։


«Ջահերով երթին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությունն ու ուխտագնացության երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը մեր համաժողովրդական ՈՉ-ի խորհրդանիշը։ Կոչ ենք անում բոլորիդ՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին լինել Հանրապետության հրապարակում, միանալ ջահակիր երիտասարդությանը, միանալ պայքարին՝ ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության։ Ո՛Չ ասենք Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը», - ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարության տեքստում, որը տարածվել է երեկ։


Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ջահերով երթին մասնակցելու է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ թերևս, ազդարարելով ցանցային պայքարին «Հայաստան» դաշինքի միացման քաղաքական որոշումը։
Ենթադրելի է, որ ապրիլի 25-ից Հայաստանում ականատեսը կլինենք քաղաքական որակապես նոր իրավիճակի, երբ դիմադրության լոկալ օջախները կմիավորվեն զանգվածային գործողություններում։

 

Վահրամ Բագրատյան