Իշխանությունը միացրել է ռեպրեսիվ մեքենան դա կարող է մոտեցնել հանգուցալուծումը

Իշխանությունը միացրել է ռեպրեսիվ մեքենան դա կարող է մոտեցնել հանգուցալուծումը

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո, իշխանության գործիչներն ակտիվացել են՝ «քարոզչական» հիմքեր ստեղծելով ավելի մեծամասշտաբ ռեպրեսիաների համար։

Պարզվում է՝ «Դիջեյ Էդո» մականունով հայտնի ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը երեկ զբոսնել է Ազատության հրապարակի մատույցներում, որտեղ էլ ընդդիմադիր աղջիկներն նրան իբրև թե վիրավորել են։ Խեղճի սիրտը չի դիմացել ու հուզաճմլիկ մի գրառում է կատարել, որի վերջին հատվածն է, իհարկե, ուշագրավ «․․․Ըստ այդմ պետք է արձանագրել, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժն իրապես անհամաչափ է, բառիս մեղմ իմաստով։ Երևանի փողոցներում պտտվում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր և դրանց նկատմամբ իրավապահ համակարգի վերաբերմունքը պետք է լինի համապատասխան։ Էդ էր պակաս, մի հատ էլ մարդիկ Երևանի փողոցներում զգուշանալով քայլեին»,- բորբոքված գրել է պատգամավորը։

Այսինքն, ԱԺ հանձնաժողովի նախագահը, ով ի պաշտոնե պետք է մտածի նաև երկրի արտաքին վարկի մասին, բացահայտորեն ոչ միայն խրախուսում է ոստիկանական բռնությունները, այլ նաև ուղղակի կոչ է անում՝ նոր թափ հաղորդել դրանց։

Ակնհայտ է, որ իր հետ կապված «միջադեպը» Աղաջանյանն օգտագործում է կոնկրետ նպատակով՝ հիմքեր ստեղծել՝ ոստիկանական «բեսպրեդելը», իշխանության նոր ռեպրեսիաներն արդարացնելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ ԱԺ-ում օրերս տեղի ունեցած ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո մի քանի թիմակիցներով քննարկել են տարբերակ, որ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները (որոնք այս օրերին բոյկոտել են ԱԺ նիստերը) սկսեն մանրազնին հաշվել։

Եվ երբ ԱԺ նստաշրջանի կեսից ավելի բացակայությունների սահմանը հատվի, քննարկել են բարձրացնել ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը՝ սկսելով այդպիսի պրոցես։

Իհարկե, վստահ ենք՝ խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ընդդիմադիր պատգամավորներին ահաբեկելու փորձ մասին է։

Սակայն իշխանությունը չի գիտակցել մի կարևոր ճշմարտություն։

Երբ հասարակական դժգոհություններն ահագնանում են, ռեպրեսիաները կարող են հակառակ արդյունքի բերել՝ մոտեցնելով հանգուցալուծումը, նպաստելով հեղափոխության կամ իշխանափոխության։

Վահրամ Բագրատյան