Պատերազմի անո՞նս

Պատերազմի անո՞նս

Երեկ Երևանում և Ադրբեջանում արձագանքել են Բաքվի՝ նախորդ օրը կազմակերպած ահաբեկչությանը: Սակայն իշխանության ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարություններն ավելի շատ խուճապ, տագնապ են հարուցում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Անվտանգության խորհրդում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմի հետ մարտի 1-ին կայացած հանդիպումից։

Ըստ նրա՝ քանի որ արցախյան կողմը չի ընդունել ինտեգրացիայի գնալու առաջարկը, Բաքվի ներկայացուցիչը փոխանցել է, որ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

«Մենք չենք ընդունել, չենք ընդունում»,- հայտարարել է Հարությունյանը, պնդելով, թե դա միայն Անվտանգության խորհրդի որոշումը չէ: «Մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք», - զգուշացրել է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը նաև ասել է՝ եթե կարծիքներ կան, թե պետք է ընդունել Ադրբեջանի առաջարկը, ապա այդ մարդիկ կարող են իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել այդ տեսակետը. «Փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:

Արայիկ Հարությունյանն, իհարկե, ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի սկզբունքային դիրքորոշումը, սակայն այնպիսի տպավորություն է, որ որոշակի «միջանցք» է թողել՝ այն մեղմացնելու համար:

Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները. այս մասին էլ Թվիթերում գրել է վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ընդգծելով, որ Ադրբեջանի դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ, Ադրբեջանն այսօր էլ կեղծ լուրեր է տարածում Հայաստանի դիրքերից կրակոցների մասին՝ Մարուքյանը նկատում է՝ Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս։

Մարուքյանը միանգամայն ճշգրիտ ներկայացրել է Բաքվի ագրեսիվ մտադրությունները, բայց տպավորություն է, որ պաշտոնական Երևանի միակ հույսը դարձյալ միջազգային հանրությունն է, որը, որպես կանոն, սահմանափակվում է դեկլարատիվ հայտարարություններով:

Իհարկե, իշխանության առաջին դեմքերը պարտավոր են ժողովրդի հետ անկեղծ լինել, բայց եթե նրանք միայն անոնսավորում են թշնամու ագրեսիվ օրակարգը, ապա դա հուսահատություն է ծնում հասարակության շրջանում:

Ինչո՞ւ հայկական դիվանագիտությունը չի կարողանում կանխել Բաքվի ռազմատենչ մտադրությունները, ի՞նչ են պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը ձեռնարկելու՝ ի պատասխան Բաքվի հնարավոր ագրեսիայի:

Այս հարցերին պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պարտավոր են արձագանքել, հակառակ պարագայում՝ ստացվում է, որ գործ ունենք ոչ թե օրակարգ ունեցող իշխանությունների, այլ պոստֆակտում արձանագրումներ անող փորձագիտական կենտրոնների հետ:

Վահրամ Բագրատյան