Թուրքիայում կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը՝ թուրքական կողմի մասնակցությամբ

Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում տեղի կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թուրքիայի ղեկավարի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսվում է շփում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ», - ասել է դիվանագետը։
Զախարովան հստակեցրել է, որ այս զրույցի մասին պայմանավորվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին հեռախոսազրույցների ընթացքում։
Ըստ ֆորումի պաշտոնական կայքի՝ միջոցառումը տեղի կունենա մարտի 11-13-ը։