Ինչո՞վ է տարբերվում այս շարժումը․ հաղթանակն իրական է

Ինչո՞վ է տարբերվում այս շարժումը․ հաղթանակն իրական է

Մեր հասարակության մի զգալի մասն ընդունում է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած Արթուր Վանեցյանի ու նրա թիմակիցների օրակարգը, մտահոգությունները, ավելին՝ խիստ ընդդիմադիր է Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությանը, բայց առայժմ դիտորդի կարգավիճակով է հետևում զարգացումներին։

Պատճառը, թերևս, պարզ է՝ այդ մարդիկ չեն հավատում փողոցային պայքարի հաջողությանը՝ հղում անելով նախադեպին, երբ 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմադիր շարժումը ձախողվեց, ինչն ակնհայտորեն բերեց գործող իշխանության վերարտադրության՝ 2021թ-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում։

Հասարակության այս հատվածի մտահոգություններն իսկապես արդարացված են Մյուս կողմից, ապրիլի 17-ից սկսված շարժումն արմատապես տարբեր է՝ իր որակով, կառուցվածքով։

Այս շարժումն ինքնաբուխ է, դրան չեն նախորդել կուսակցական ժողովները, փակ հանդիպումները, համաձայնությունները, հայտարարությունները։

Վանեցյանն Ազատության հրապարակ եկավ՝ որպես քաղաքացի։ Շարժումն ինքնին քաղաքացիական է, որի զարգացման ընթացքում հիմնական բաղադրիչը ոչ թե կուսակցական որոշումներն են, քաղաքական իմպերատիվն է, այլ կոնկրետ մարդկանց նախաձեռնությունները։ Օրինակ, երբ երիտասարդներն Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարում, դա նրանց ինքնաբուխ որոշումն է, քաղաքացիական կեցվածքի ինստիտուցիոնալ դրսևորումը։ Նույն տրամաբանությամբ՝ շարժմանը միացել են զոհվածների ծնողները, ազատամարտիկները, հանրային դեմքեր՝ խորհրդանշական «կարմի գծերով»։

Ազատության հրապարակում չկա որոշող կենտրոն, կուսակցական կամ քաղաքական իմպերատիվ, որի հրահանգները կատարում են պայքարի դուրս եկած հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ։

Շարժումն ապակենտրոն է, ինքնաբուխ, չկա այն բուրգը, որին թիրախավորելով՝ իշխանությունը կարող է լուծել գործընթացի ելքը։ Ահա, սա է այս շարժման հաղթանակի, հաջողության գրավականը։

Վահրամ Բագրատյան