Գորիսում շարունակում են տոնել Առուշ Առուշանյանի ազատ արձակվելը (լուսանկար)

Գորիսի բնակիչները շարունակում են նշել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ազատ արձակվելը։
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանի բակում Առուշանյանին դիմավորեցին ծափահարություններով եւ ոգեւորող խոսքերով՝ ընդգծելով, որ իրենց համայնքի ղեկավարն արդար է։ Առուշ Առուշանյանն իր հերթին մոտեցավ հրապարակում հավաքված բոլոր քաղաքացիներին, երախտիքի խոսքեր հայտնեց նրանց իրեն աջակցելու համար։
Ավելի ուշ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մատաղ մատուցվեց Առուշանյանին ազատ արձակելու կապակցությամբ։ Արարողությանը ներկա էին բազմաթիվ բնակիչներ, այդ թվում՝ Առուշանյանի համակիրները, պաշտպանները։
Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակել է Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանն արդարացվել է ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Միաժամանակ որպես պատիժ է նշանակվել նաեւ ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։