ՔՊ-ականները ֆեյքերով ստեղծում են բարձր վարկանիշի պատրանք

Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՔՊ-ական Հայաստանում ոստիկանությունը, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանի դասընկերը, իջևանցի «զեմլյակ» Վահե Ղազարյանը, վերածվել է ընդդիմության համազգային ցույցերը ցրելու, ՀՀ քաղաքացիներին գետնին տապալելու և նրանց դեմ հատուկ միջոցներ կիրառելու կառույցի: Փաշինյանն ու թիմը ՀՀ-ում իշխանությունը պահում են երկու գործիքակազմերով՝ վարչական լծակներով և ուժայինների միջոցով՝ հատուկ ծառայությունների, ոստիկանության, ինչպես նաև իշխանության ազդեցության տակ գտնվող դատական համակարգի աջակցությամբ:
Փաշինյանի և ՔՊ-ականների իրական վարկանիշը գրեթե զրոյական մակարդակի վրա է շուտով ՔՊ-ականներն Ադրբեջանին են զիջելու Լաչինը, անկլավներն ու Սյունիքով միջանցք են տրամադրելու թուրք-ադրբեջանական տանդեմին: ՀՀ քաղաքացիները 2018թ.-ից միայն հիասթափություն են ապրել ՔՊ-ականներից՝ տեսնելով, որ նրանց իշխանության օրոք ՀՀ-ն ու Արցախը հայաթափվում և թուլանում են, իսկ ՔՊ-ականների վերնախավը բարգավաճում է և ճոխ կյանքով է ապրում:
ՔՊ-ականները ՀՀ կայացած բոլոր պետական ինստիտուները, համակարգերը կազմաքանդել են իրենց կադրային քաղաքականության արդյունքում. իրենց հետ «քայլածներին»` անկախ մասնագիտական և ինտելեկտուալ կարողություններից, բարձր պաշտոնի են նշանակել: ՀՀ պետական համակարգի իմունիտետն այնքան է թուլացել, որ լուրջ ծրագրեր կյանքի կոչելու փոխարեն ՔՊ-ականները ֆեյսբուքյան ստատուսներ են գրում և մոնիթորինգ են անում, թե ով իրենց գրառումներին լայք դրեց կամ բացասական մեկնաբանություն թողեց:
ՀՀ-ում իշխանափոխությունը հայոց պետականության փրկության համար մղվող պայքար է՝ ներքին և արտաքին ճակատներում տապալված թիմը պետք է հեռանա՝ դա ժողովրդի գիտակից հատվածի պահանջն է:
Հազարավոր ֆեյքերի և իրենց գրպանային ԶԼՄ-ների միջոցով ՔՊ-ականները ստեղծել են ժողովրդական աջակցության կամ բարձր վարկանիշի պատրանք. դա զուտ քաղտեխնոլոգիա է: ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է իշխանափոխություն, սակայն այդ քաղաքացիների միայն մի մասն է այսօր փողոցում և հրապարակում:
Վահրամ Բագրատյան