Պրոիշխանական ԶԼՄ-ն աղավաղել է արցախցի Արեգայի խոսքը, ատելություն ու թշնամանք տարածել

Իշխանական կայքերը, մասնավորապես «Խոսնակ» լրատվականը երեկվանից ատելություն է քարոզում, թիրախում դարձյալ արցախցիներն են։
Սեպտեմբերի 1-ի երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արցախցի Արեգայի խոսքերը լրատվականը ներկայացրել է աղավաղված։ Արեգա Հովսեփյանի խոսքով՝ իր ելույթում «արցախցիները կռվել են մինչև վերջին փամփուշտը, հայաստանցիներն են հանձնել Արցախը» խոսույթ բացարձակապես չի եղել։
«Հակառակը, ես երախտագիտություն եմ հայտնել Հայաստանին ու հայաստանաբնակ մեր հայրենակիցներին ցուցաբերած սրտացավության համար, ասել, որ «ձեր շնորհիվ մենք մենակ չենք»։ Խոսքիս մի հատվածում ասել եմ․ «Հայաստանի վարչախումն անամոթաբար հայտարարում է, թե արցախցիները չեն կռվել, փախել են և զենքը վայր են դրել այն ժամանակ, երբ թիկունքը առջևից չէր, այլ թիկունքից, մայր Հայաստանից, երբ Հայաստանի վարչախումբը հայտարարեց, որ մենք չենք պատրաստվում միջամտել»։ Իսկ «Խոսնակ» լրատվականը այս ամենը վերցրել, աղավաղել ու ներկայացրել է այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,- MediaHub-ին ասաց Արեգա Հովսեփյանը։
Արեգան կարդացել է իշխանական լրատվամիջոցի վերնագրերը, զարմացել, որ դրանքկոնտեքստից կտրված են և բացարձակ կապ չունեն իրականության հետ։ Ինքն ունի ելույթի ամբողջական տարբերակը։ Որպեսզի հաղթի արդարությունը, ու վերստին «հայաստանցի-ղարաբաղցի» խոսույթը գլուխ չբարձրացնի, և սեպ չխրվի ժողովրդի միջև, պատրաստվում է սկսել դատական գործընթաց։
«Որովհետև առաջին անգամը չէ, որ հենց որոշ լրատվամիջոցներ են այդ տարանջատումը ստեղծում, ատելություն սերմանում արցախցիների հանդեպ։ Երեկվանից կարդում եմ նաև ժողովրդի մեկնաբանությունները, սկսած անձնական վիրավորանքից մինչև ազգամիջյան թշնամանք, ինչ ասես գրում ու տարածում են։ Արդեն դիմանալու չի»,- ասաց նա։
Մասնագիտությամբ թուրքագետ, իրավապաշտպան կազմակերպության անդամը, որ տեղյակ է բոլոր օրենքներից ու դատական կարգերից, իր խոսքն աղավաղելու և թշնամանք տարածելու համար առաջիկայում կսկսի դատական գործընթաց։
Նշենք, որ Արեգան Սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է։
Հունան Թադևոսյան