Շարժման նոր կարգախոսը

Շարժման նոր կարգախոսը

«Ես չեմ կարծում, որ Օպերայի բակում աթոռներ շարելը կամ հեծանիվ քշելը ինչ-որ ապակենտրոն պայքարի դրսևորում է կամ որևէ օրակարգ է սպասարկում». հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և համախոհների կողմից անցկացվող բողոքի ակցիաներին։


Ակնհայտ է, որ իշխանության պատգամավորները Նիկոլ Փաշինյանից հանձնարարություն են ստացել՝ ամեն կերպ խեղաթյուրել Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացի էությունը։


Այսօր Վանեցյանն Ազատության հրապարակում անում է այն, ինչն, ըստ էության, իշխանության պարտականությունն է։


Վանեցյանը միջավայր է բացում հանրային երկխոսության, համերաշխության համար, որի նպատակը երկրի առջև ահագնացող մարտահրավերները կանխելն է։


Ազատության հրապարակում տեղի ունեցող նստացույցն արդեն լուծել է հիմնական խնդիրներից մեկը՝ մարդիկ, անկախ քաղաքական, գաղափարական տարաձայնություններից, հանդիպում են, զրուցում են խնդիրների մասին, փորձում են գտնել լուծումներ, որոնք կկանխեն ազգային աղետը, Արցախի հայաթափումը, Հայաստանի պետականության գահավիժումը։


«Երկու օր առաջ միայնակ էի, այսօր մենք կանք ու շատանալու ենք»,- երեկ ասել է Արթուր Վանեցյանը ու հենց սա է հանրային դիալոգի կայացման բանաձևը, որի կայացմանը ծառայում են թե նստացույցը և թե իրազեկման երթերը, որոնցից առաջինը երեկ կայացավ Երևանի կենտրոնի փողոցներում։


Հայե՛ր, միացեք․ սա է գործընթացի հիմնական կարգախոսը, որն ասոցիացիաներ է ստեղծում արցախյան առաջին շարժման հետ՝ հույսեր ծնելով, որ Ազատության հրապարակում ծնվում է նոր համազգային շարժում՝ հզոր էներգետիկայով ու ապագայի տեսլականով։

 


Վահրամ Բագրատյան