MediaHub-ի հրապարակումից հետո 2 հնամաշ Toyota Corolla են հատկացրել գործնական քննության համար

MediaHub-ի հրապարակումից հետո 2 հնամաշ Toyota Corolla են հատկացրել գործնական քննության համար

Մոտ քսան օր առաջ մենք գրել էինք, որ ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքներում բառի բուն իմաստով անկազմակերպ և անկանոն վիճակ է, այլ կերպ ասած՝ «բառդակ», և խոսքը հատկապես վերաբերում է վարորդական իրավունքի գործնական քննություն հանձնելու գործընթացին։ 

Բանն այն է, որ քաղաքացին, որը վճարում է 12 հազար դրամ, որ գործնական քննություն հանձնի, պետք է այդ քննությունը հանձնի ոստիկանության տրամադրած ավտոմեքենայով, որը պետք է համապատասխանի անվտանգության չափանիշներին և լինի արգելակման լրացուցիչ ոտնակով, ինչպես նաև տեսախցիկով կահավորված։ Բայց մեր հաշվառման-քննական բաժանմունքներում, նախ, չկան այդպիսի մեքենաներ, եղածներն էլ արդեն ֆիզիկապես ու բարոյապես մաշված են, մի մասն էլ՝ բառացիորեն խափանված և շահագործման համար ոչ պիտանի։ MediaHub-ն այս թեմայով զրուցել էր Ոստիկանության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի հետ, որը չէր հերքել, որ մեքենաների խնդիր ունեն։

Մեր այս հրապարակումից հետո, սակայն, ոստիկանությունում տեղից իրար են եկել և որոշակի լուծումներ են փորձել փնտրել։ Մեզ ասացին՝ օրեր առաջ ոստիկանությունը երկու մեխանիկական փոխանցումատուփով Toyota Corolla մակնիշի մեքենա է հատկացրել վարորդական իրավունքի գործնական քննության համար, սակայն դրանք դեռ պետք է կահավորվեն լրացուցիչ արգելակներով, որ նոր կարողանան շահագործել որպես քննական մեքենա։ Ընդ որում, նկատենք, որ այս երկու Toyota Corolla-ները ոչ թե նոր և սրահից գնված, այլ օգտագործած և հնամաշ մեքենաներ են, որոնք այս տարիներին շահագործվել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում՝ ծառայելով ինչ-որ պաշտոնյաների։ Հիմա դրանք «դուրս են գրել» և ուղարկել հաշվառման-քննական վարչություն, որ դարձնեն քննական մեքենաներ և շահագործեն մի որոշ ժամանակ, մինչև խնդրին համալիր լուծում կտան։ 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր MediaHub-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, որ Toyota Corolla մակնիշի երկու մեքենա են հատկացրել վարորդական իրավունքի քննության համար։ Նախարարը նաև նշեց, որ հիմա մտածում են ավտոպարկը ամբողջությամբ թարմացնելու, հնարավոր է՝ այլ ընկերության այս խնդրի լուծումը պատվիրակելու ուղղությամբ, որ միջազգային չափանիշներին համապատասխան քննական մեքենաներ ունենան։ 

Վահե Մակարյան