«Ինչո՞ւ լքեցիք Արցախը, մնայիք, պահեիք» ասողները, ավելի լավ է, լռեն, գոնե այդպես հարգեն մարդկանց վիշտը

«Ինչո՞ւ լքեցիք Արցախը, մնայիք, պահեիք» ասողները, ավելի լավ է, լռեն, գոնե այդպես հարգեն մարդկանց վիշտը

«Մե՛կ զարմանում, մե՛կ նյարդայնանում եմ հարցից, որ տալիս են տարբեր մակարդակներում, թե «ինչո՞ւ լքեցիք Արցախը» և կամ «մնայիք, պահեիք ձեր Արցախը»։ Այս մարդիկ կա՛մ չեն տիրապետում իրականությանը, կա՛մ ասում են հատուկ ցավեցնելու համար։ Նեղանալու չի, եթե արդեն ոստիկանության պաշտոնյայի շուրթերով են հնչում այս խոսքերը»,- MediaHub-ին իր մտահոգությունն է հայտնում Արցախից բռնի տեղահանված Ժենյա Բաբայանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այն, ինչ կատարվում էր Արցախում ուղիղ 8 ամիս առաջ, ցեղասպանություն էր, որից իր ընտանիքը Հայաստան է տեղափոխվել մարդկային 4 կորստով։ Հիմա զարմանում է, որ այստեղ իր հայրենակիցներից շատերն այդպես էլ չեն հասկանում հարազատին ու ծննդավայրը կորցնելու ցավը։

«Եվ չեմ ուզում, որ իմանան, զգան։ Ես բուժվելու նպատակով բլոկադայի ժամանակ Կարմիր խաչի միջնորդությամբ եմ տեղափոխվել Հայաստան։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ այլևս հետ չեմ գնա, այլ այս տարիքին միանգամից մի քանի հարված պիտի ստանամ։ Երբ մերոնք տարհանվում էին գյուղից, չէին մտածում, որ դա վերջին անգամն է։ Փակել են դուռը, վերցրել բանալին, այն հույսով, որ կրակը հանդարտվելուց հետո կվերադառնան։ Մի կերպ հասել են Ստեփանակերտ, ժամեր հետո մեր ենթաշրջանը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ  գիտե՞ք, թե նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով մնացել են իրենց տներում, ինչ ճակատագրի են արժանացել, գերեվարվել են»,- ասում է նա։

Արցախցի կինն ավելի ուշ է իմացել, որ իր ընտանիքը մեծ կորուստներ է ունեցել։ 

«Երեք աղջիկներիս ընտանիքներում մարդկային կորուստներ են եղել, բոլորը երիտասարդ կյանքեր։ Պատերազմում զոհվել են 2 թոռներս՝ Էդվարդն ու Կարենը, մեկը մեկից խելացի ու հայրենասեր տղերք էին, արդեն ամուսնության ճանապարհին։ Հետո տարածվեց մեծ թոռանս՝ Լուսինեի ամուսնու զոհվելու լուրը Հաթերքի դիրքերում, մյուս թոռնուհուս՝ Մերիի ամուսինն էլ զոհվեց վառելիքի պահեստի դեպքի ժամանակ»,- արտասվում է 85-ամյա կինը։ 

Նրա 2 թոռները՝ Յուրին և Օնիկը, ևս եղել են ծառայության մեջ, բարեբախտաբար, փրկվել են հրաշքով ու Ստեփանակերտ տեղափոխվել հրադադարից օրեր անց միայն։ 

Ժենյա մայրիկն առաջարկում է, որ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել Արցախում 8 ամիս առաջ, և ինչո՞ւ մարդիկ տեղահանվեցին Հայաստան, ավելի լավ է, լռեն, գոնե այդպես հարգեն մարդկանց վիշտը։

Հունան Թադևոսյան