Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Սանահինի վանական համալիր (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Սանահինի վանական համալիր (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի տասնհինգերորդ տեսարժան վայրը Սանահինի վանական համալիրն է։

Սանահին վանական համալիրը, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է, որը տեղակայված է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մոտ գտնվող Սանահին գյուղում։

Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք:

966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ:
 

Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը: Սանահինը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հետաքրքիր փաստեր Սանահինի մասին

1. Վանական համալիրը ներառում է՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին և կից գավիթը, Սուրբ Ամենափրկիչ (Կաթողիկե) եկեղեցին, գրատուն, Սուրբ Գրիգոր մատուռ, զանգակատուն, Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Հարություն մատուռը, Զաքարյանների դամբարանը և խաչքարեր։
 

2. Շուրջ 50 խաչքար է պահպանվել վանքի և շրջակա տարածքում: Պատմական արժեքով ու գեղարվեստական մշակմամբ առավել նշանավոր են Գրիգոր Տուտեորդու խաչքարըկանգնեցված 1184 թ, Սուրբ Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, և ամիրայությունների դեմ մղվող պատերազմի զոհերից մեկի՝ Սարգսի գերեզմանի վրա 1215 թվականին կանգնեցված խաչքարը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատին կից:

3. Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին է։