Երրորդ օրն է, 2–ամյա Տիգրանին չեն կարողանում գտնել․ ի՞նչ է կատարվում Մարմարիկ գյուղում

Արդեն երրորդ օրն է, Հրազդան խոշորացված համայնքում՝ Մարմարիկ գյուղում, 2 տարեկան երեխայի են որոնում: Փոքրիկ Տիգրանը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ փոքրիկը տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է: Ծնողները կասկածներ ունեն, որ երեխան, հնարավոր է, անզգուշաբար գետն ընկած լինի։
MediaHub-ը այս օրերի ընթացքում ուշադրության կենտրոնում է պահում փոքրիկի որոնողական աշխատանքները: Ցավոք, լավ լուրեր դեռ չկան. MediaHub–ին ՆԳՆ–ից քիչ առաջ հայտնեցին, որ երեխային դեռ չեն գտել, ոստիկանության և փրկարար ծառայության կողմից որոնողական միջոցառումները շարունակվում են:
MediaHub-ի տեղեկություններով՝ որոնողական աշխատանքները երեկ ոչ միայն գետի երկայնքով են իրականացվել, այլ նաև հարակից տարածքներում: Մեզ ասացին, որ կասկածներ են եղել, որ, հնարավոր է, երեխան փոսն ընկած լինի, բայց այս վարկածը չի հաստատվել:
Հիշեցնենք, Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, պարեկներն ու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները փոքրիկի որոնողական աշխատանքներ են իրականացնում քաղաքացու այն ահազանգից հետո, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ինքն ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Հավելենք, որ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը։
Շարունակում ենք հետևել զարգացումներին:
Մարիաննա Արամյան