Վճռական հանրահավաքի օրը հայտնի է

Վճռական հանրահավաքի օրը հայտնի է

 

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ իրազեկման երթերը տևելու են 5 օր, որից հետո մեծ հանրահավաք է լինելու: Նա շեշտել է, որ այս պայքարը ցանցային է, ապակենտրոն, բոլոր քաղաքական ուժերը պայքարում են իրենց ծրագրերով, սակայն բոլորին միավորում է մեկ նպատակ` «օր առաջ հեռացնել չարիքի կառավարությանը»:

«Մենք միասին ամեն օր Երևանում կազմակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր և ցույցեր: Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է ամբողջ Հայաստանում մեր ժողովրդին ոտքի կանգնեցնել: Մայիսի 1-ին մենք մինչև մեր գործընկերների Երևան հասնելը ունենալու ենք մեծ հանրահավաք: Օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու», - հայտարարել է նա:

Այսպիսով՝ ցանցային, ապակենտրոն պայքարի տարբեր դրսևորումները մեկտեղվելու են մայիսի 1-ի մեծ հանրահավաքում։ Սա այն հանրահավաքն է, որ պետք է արտացոլի Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման հարցում առկա քաղաքական ու հանրային կոնսենսուսը։ Այս հարցում, կարծես, տարակույս չկա, բայց արդյո՞ք Փաշինյանի քաղաքականության դատապարտվածությունը հանգեցնելու է իշխանափոխության։ Սա հռետորական հարց է, որն այս օրերին հնչում է բոլոր կողմերից։

2018-ին նման բան տեղի է ունեցել՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հեռացել է, երբ ձևավորված էր հասարակական կոնսենսուս։ Ընդ որում, այն ժամանակ բոլորի համար տեսանելի էր, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ունեն զրո քաղաքական օրակարգ։ Թե ինչ եղավ դրան հաջորդած չորս տարիներին՝ բոլորիս է հայտնի։ Ու փորձության այս չորս տարիներն են պատճառը, որ Փաշինյանից ամբողջովին հիասթափված մեր հասարակությունն այսօր ընդդիմությունից պահանջում է ներկայացնել հետնիկոլական Հայաստանի տեսլականը։
Կարծում ենք՝ լեգիտիմ պահանջ է ու այս իմաստով՝ մայիսի 1-ի հանրահավաքը կարող է շրջադարձային լինել։

Վահրամ Բագրատյան