Ի՞նչ են ասել դատավարության ժամանակ Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը 

Ի՞նչ են ասել դատավարության ժամանակ Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը 

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս անձանց դատական նիստը կշարունակվի այսօր՝ փետրվարի 7-ին։ 

Արցախի նախկին  պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով: Նրա նկատմամբ մեղադրական եզրակացության ծավալի մեծությունը հաշվի առնելով՝ դատարանը որոշել է դրա հրապարակումը շարունակել փետրվարի 10-ին։

«Մի երկիր, որն ամենաշատ ռազմական հանցագործություններն է իրականացրել սկսած 1988 թվականից, այսօր շարունակում է իր ցեղասպան առաքելությունը, արդեն առանց խոչընդոտների, քանի որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում հիմա շահերի պաշտպան ունեն։ Ադրբեջանը գերիներին մեղադրում է «ահաբեկչության» և «ռազմական հանցագործությունների» համար։ Ասում են, որ քրեական գործերով կա ավելի քան 531 000 տուժող։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը։ Ադրբեջանին է փոխանցել Քարվաճառում հայ երեխային սպանած ու դիակը խոշտանգած ահաբեկիչներին, և այսօր մատը մատին չի տալիս մեր եղբայրներին Հայաստանին վերադարձնելու համար»,- MediaHub-ին իր մտահոգությունը փոխանցեց մասնագիտությամբ իրավաբան, Բաքվում պահվող գերիներից մեկի բարեկամը։

Երեկ դատական նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, թե Բաքվի բանտում իրենց նկատմամբ վերաբերմունքը համապատասխանում է կալանքի պայմանների մասին օրենքին։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ Հարությունյանը դրանով պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Բաքվի բանտում հայերի նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։

«Նիկոլ Փաշինյանի ամեն մի քայլը տանում է պատերազմի։ Թե ներքին և թե արտաքին քաղաքականութունը ձախողել է, Հայաստանը վերածել թուրք-ադրբեջանական վիլայեթի։ Եվ եթե վաղը, Աստված չանի, էսկալացիա լինի Հայաստանի դեմ, համոզված եմ, որ Փաշինյանն այդ ամենը վերագրելու է Բաքվում պահվող մեր եղբայրներին և նրանց է մեղադրելու իր իսկ մեղքերի համար»,- ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Դատավարության ժամանակ խոսքի իրավունք է խնդրել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, դատարանը բավարարել է նրա խնդրանքը։ Բաբայանը հայտնել է, թե գոհ է կալանքի պայմաններից, և որ իր և մյուս մեղադրյալների նկատմամբ ճնշումներ չեն գործադրվել:

«Իմ անունից ուզում եմ ասել, որ այստեղ մեզ վրա ճնշում չի եղել։ Մեզ ամեն անգամ հարգանքով են վերաբերվում։ Թող իրենք իրենց հարցնեն, թե ի՞նչ կանեին մեր փոխարեն»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցամբ ասել է Բաբայանը։ 

«Բաբայանի այս խոսքում տողատակ ու մեծ ասելիք կա։ Հասկացողները հասկացել են, որ նա հստակ դիմել է Նիկոլին, որ ի տարբերություն քո նման սրիկաների՝ իրենք այնտեղ էլ պաշտպանում են հայկական շահը, Հայաստանի շահը»,- հավելեց նա։ 

Նշենք, որ շինծու քրեական գործերով մեղադրյալները 15-ն են` Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը ու ևս ութ քաղաքացիական անձ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան և Էրիկ Ղազարյան։

Հունան Թադևոսյան