Նիկոլի հերթական արկածախնդրությունը

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Սա կլինի Զելենսկու առաջին այցը տարածաշրջան։ Երևանյան այցը, ըստ աղբյուրի, հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։
Հայաստանի հասարակությունը դեռ չէր մարսել Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական լրատվամիջոցին, որում նա բաց տեքստով պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, երբ հերթական «անակնկալը» մատուցվեց մեր ժողովրդին:
Զելենսկիի այցն, իհարկե, պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան. «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Միայն այն հանգամանքը, որ ԱԳՆ-ն չի հերքում տարածված լուրը՝ հուշում է, որ Ուկրաինայի նախագահի երևանյան այցն, ըստ ամենայնի, կայանալու է:
Զելենսկիի՝ Հայաստան գալը պետք է համարել Մյունխենում Փաշինյանի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հանդիպման շարունակություն:
Ի՞նչ ենք մենք շահում Զելենսկիի այցից:
Գործնականում՝ ոչինչ, բայց երաշխավորված կոշտ հակազդեցության ենք հանդիպելու Մոսկվայից:
Երբ 2008-ին բորբոքվեց ռուս- վրացական պատերազմը, Հայաստանը պահպանեց չեզոքություն՝ նվազագույն ռիսկերով հաղթահարելով ռուս-վրացական պատերազմի հետևանքները. հայ- ռուսական և հայ- վրացական հարաբերությունները չտուժեցին:
Ռուս- ուկրաինական պատերազմում նույնպես պետք էր պահպանել չեզոքություն:
Ու հատկապես այն պատճառով, որ այդ պատերազմը նոր աշխարհակարգ ձևավորող բաղադրիչներից մեկն է ու տուրբուլենտության պայմաններում Հայաստանի նման խոցելի համակարգ ունեցող երկրի կտրուկ շարժումը կարող է կործանարար լինել:
Մենք կրկնում ենք այն սխալները, որոնք գործել ենք 100 տարի առաջ...
Վահրամ Բագրատյան