Ո՞վ է պատասխան տալու Իսակովի պողոտայում վիրավոր ձիու համար

Ո՞վ է պատասխան տալու Իսակովի պողոտայում վիրավոր ձիու համար

Այսօր արտառոց դեպք է եղել Իսակովի պողոտայում. մի ժամից ավելի ձին և քուռակը անօգնական վիճակում են եղել, իսկ ավելի ուշ համացանցում տարածվեցին տեսանյութեր, որտեղ երևում է, որ քուռակի երկու ոտքերը կոտրվել են:

Ենթադրելի է, որ ավտոմեքենա է հարվածել: Եվ դեպքից մեկ ժամ հետո էլ քաղաքացիները ահազանգում էին, որ վիրավոր ձին նույն տեղում է:

Ի՞նչ է տեղի ունեցել, ովքեր են մեղավոր նման իրավիճակի համար. MediaHub-ը կապ հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ։

«Փրկարարները ու ոստիկանները գնացել են դեպքի վայր, ճշտել են տիրոջ ինքնությունը, տիրոջը կանչել և օգնել են, որ բարձի ու տանի ձիերին։ Այս պահին չենք կարող ասել, թե ինչպես են հայտնվել այդտեղ»,- ասաց նա։

Խոսնակը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ քուռակին չեն հարվածել: «Չգիտենք, վարկածներ կան, բայց հստակ պարզ չէ»,- պարզաբանեց Սարգսյանը։

Ի դեպ, ավելի վաղ համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ ձիերը Իսակով են հասել Մալաթիայի կողմից, վիրավոր չեն:

Վիրավոր ձիու հետագա ճակատագիրը ճշտել չհաջողվեց:

Մարիաննա Արամյան