Ռուսաստանը պահպանել է Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պահպանել է Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստան-Հայաստան գագաթնաժողովի պայմանավորվածությունների շրջանակում պահպանվել է Երևանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։

Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«ՀՀ վարչապետի այցի շրջանակում ստորագրվել է փաստաթղթերի պատկառելի փաթեթ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Ռուսական և հայկական համախատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ ընկերների համար պահպանել գազի արտոնյալ գնագոյացումը։ «Գազպրոմ Արմենիան» ծածկում է «երկնագույն վառելիքի»՝ երկրի պահանջարկի 80 տոկոսը։ Հանրապետության տնտեսության մեջ «Գազպրոմի» գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 միլիոն դոլարը»,- ասել է Գոնչարը։

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ ռուսական գազի բազային գինը կմնա 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար:

Ապրիլի 1-ից ՀՀ շարքային սպառողների համար գազի գինը բարձրացել է 4․7 դրամով (1 խմ-ն)՝ 139 դրամի փոխարեն, դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները։