Անօրակարգ Փաշինյանը

Անօրակարգ Փաշինյանը

 

Ապրիլի 28-ին տեղի ունեցած հերթական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության թեմային։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների՝ Էնդրյու Շոֆերի և Բրիս Ռոքֆոյի դիվանագիտական բարձր ակտիվությունը փաստացի կաթվածահար արեց երեք միջնորդների երբեմնի լավ համակարգված աշխատանքը։ Մենք արձանագրեցինք Բրյուսելի փորձերը՝ յուրացնելու ռուս-հայ-ադրբեջանական ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների թեման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անցյալ տարի առաջարկված օրակարգը»,- ընդգծել է Զախարովան։
Հայ-ադրբեջանական դիալոգի մոդեռատորության շուրջ շարունակվում են մրցակցային դիրքորոշումները Մոսկվայի ու Արևմուտքի միջեւ։ 

Պատահական չէ նաև Զախարովայի այն պնդումը, որ Երևանն ու Բաքուն սկզբունքային հակասություններ ունեն ԼՂ կարգավիճակի հարցում։

«Աջակցություն ցուցաբերելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ Դրանք պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար»,- երեկ հայտարարել է Զախարովան։
Ստիպված ենք հերթական անգամ փաստել, որ Փաշինյանի իշխանությունն իրականացնում է անատամ, նախաձեռնողականությունից զուրկ արտաքին քաղաքականություն, ինչի հետեւանքով հայ- ադրբեջանական դիալոգը հիշեցնում է «խաղ` մեկ դարպասին», որտեղ օրակարգ թելադրողը Բաքուն է, իսկ միակողմանի զիջումների գնացողը Երևանը։

Վահրամ Բագրատյան