Ինտրիգն առջևում է․ ե՞րբ է լինելու հանգուցալուծումը

Ինտրիգն առջևում է․ ե՞րբ է լինելու հանգուցալուծումը

Առավոտյան մեր կանխատեսումներում չէինք սխալվել․ այսօր ներքաղաքական ընթացիկ գործընթացի ամենաինտրիգային օրն է։Փաստացի վարչապետի ու ընդդիմության և ցուցարարների «առերեսումը» տեղի ունեցավ ուղղակի ու անուղղակի ձևաչափերում։ Մինչ խորհրդարանում սպասվում էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, իսկ խորհրդարանի շենքը շրջափակվել էր մեծաթիվ անվտանգության ուժերով, ընդդիմության ներկայացուցիչները Ֆրանսիայի հրապարակում ընդունեցին վարչապետի «հրաժարական տալու հանրային պահանջի» հայտարարություն ու մեծաթիվ ցույցով շարժվեցին դեպի խորհրդարանի շենք։

Ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում ներկայացրեցին իրենց հայտարարությունը, մեղադրեցին իշխանությանը և լքեցին ԱԺ դահլիճը չլսելով վարչապետի պատասխանը իրենց տված հարցին ու պահանջին։ Թերևս, ընդդիմության նման մարտավարությունը հաշվարկված էր, որովհետև այլևս անիմաստ է լսել Փաշինյանին, որի ամեն երկրորդ հայտարարություն հակասում է նախորդին։ Վարչապետ Փաշինյանը և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները ծափահարություններով ճանապարհեցին ԱԺ-ն լքող ընդդիմադիրներին հայտարարելով. «Կեցցե', հայկական ժողովրդավարությունը»։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի առթիվ էին այդ ծափահարությունները, մանավանդ, որ երկրում ստեղծված լարված մթնոլորտը դրա առիթը չի տալիս։

Դեռ կեսօրին ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հայտարարել էին, թե իրենք օպերատիվ տեղեկություններ ունեն, որ հավաքի կազմակերպիչները մտադրված են սադրանքների միջոցով դրդել հավաքի մասնակիցներին գրավել ԱԺ շենքը: Իհարկե, ընդդիմությունը նման մտադրություն չի ունեցել և չունի, բայց իրավապահների այս հայտարարությունը բացահայտում է, մի կողմից, իշխանության վախերը, մյուս կողմից՝ ներքաղաքական լարվածության շատ բարձր մակարդակը։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ զարգացումները մտնում են վերջնական հանգրվան․ հանգուցալուծումը մոտենում է։

Վահրամ Բագրատյան