Հուժկու հանրահավաքի սպասումով

Հուժկու հանրահավաքի սպասումով

Մայիսի 1-ին Երևանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը․ երեկ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հանրային լայն ճնշման տակ հաշված օրերի ընթացքում ինքը պետք է հեռանա: Ամեն ինչ կա, մնում է` ժողովուրդը մի քիչ էլ ոտքի կանգնի, ամեն ինչ ավարտվելու է»,- ասել է նա։

Հեղափոխությունից հետո, նույնիսկ հետպատերազմյան շրջանում, չի եղել իրավիճակ, երբ ներքաղաքական օրակարգը թելադրի հենց ընդդիմությունը։ Հիմա երկիրն ապրում է հենց այդ ռեժիմում։ Բոլորը սպասում են մայիսի 1-ի հանրահավաքին։ Դա է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը։ Այս հանրահավաքն իրապես զանգվածային է լինելու, բայց շատ ավելի կարևոր է դրա բովանդակությունն, այն ուղերձները, որոնք հարթակից պետք է հասցեագրվի մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական, բարոյական հոգեվարքի մեջ է, նրա հեռացումն, ըստ էության, կանխորոշված է։ Ըստ այդմ, մայիսի 1-ին ընդդիմության ղեկավարները պետք է խոսեն Փաշինյանի իշխանության հեռացման մեխանիզմների մասին։ Դրանք պետք է լինեն միանգամայն լեգիտիմ՝ մեր հասարակության ու միջազգային հանրության աչքերում։

Մյուս կարևոր խնդիրը՝ հետնիկոլական Հայաստանի տեսլականն է։ Եթե կուզեք՝ հենց սա է ընդդիմության թիվ մեկ խնդիրը, որի վրա հատուկ ուշադրություն պետք է դարձվի մայիսի 1-ի հանրահավաքում։ Ինչքան հասարակությունը շատ տեղյակ լինի ընդդիմության բովանդակային ծրագրերից՝ այնքան իրական է դառնում մեծ կոնսոլիդացիան այս իշխանությանը հեռացնելու հարցում։ Պետք է կոտրվի այն պրիմիտիվ կարծրատիպը, թե Հայաստանում իշխանության է գալու «պատերազմի կուսակցությունը»։ Այս հանգամանքը կարևոր է մեր ժողովրդի, մեր միջազգային գործընկերների համար։

Վահրամ Բագրատյան