Փաշինյանը 2 շաբաթով արձակուրդ է ուղարկում ԱԻ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մեկնում է ամենամյա արձակուրդի՝ 14 աշխատանքային օր տեւողությամբ։
Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ:
2. Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»:
Հիշեցնենք, որ առավոտյան ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել ԱԻՆ-ում։ Խուզարկությունը, մասնավորապես, իրականացվել է նախարար Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։ NEWS.am-ի հետ զրույցում նախարարության մամուլի բաժնից հրաժարվեցին մանրամասներ հայտնել։
NEWS.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ խուզարկություններն իրականացվել են կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։
NEWS.am-ի տեղեկություններով՝ խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։
Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։
Սակայն դեռ օրեր առաջ լուրեր էին տարածվում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է որոշ նախարարների փոխել, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարին։