Փաշինյանի և ընդդիմության «խոհափիլիսոփայական կոնսենսուսը»

Երբ «Հայաստան» խմբակցությունն անոնսավորել էր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանին այս անգամ մասնակցելու մտադրության մասին, միջին վիճակագրական ընդդիմադիր ընտրողը հույս ուներ, որ այդ որոշումը թելադրված է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներով կամ այն ճգնաժամով, որ ստեղծվել է ԼՂ խնդրի շուրջ:
Ցավոք, ընդդիմադիր պատգամավորները վաշինգտոնյան բանակցությունների մասին, օրինակ, հիշեցին միայն հարցուպատասխանի վերջում, այն էլ՝ բավականին «կառուցողական» քննարկումների համատեքստում:
Ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ընդդիմադիր պատգամավորներին ինչն էր տարել ԱԺ դահլիճ. ինչ-որ վերացական քննարկում հուշարձանների, արժեքային համակարգի շուրջ, մի խոսքով՝ «խոհափիլիսոփայական կոնսենսուս»՝ Փաշինյանի և ընդդիմության միջև:
Առհասարակ, մեր տիտղոսային ընդդիմությունը երկու խորքային խնդիրներ ունի, որոնք, ցավոք, կարծես, անհաղթահարելի են:
Դա առաջին հերթին՝ սեփական օրակարգի բացակայությունն է: Եթե անգամ իշխանությունը քննադատվում է, դա տեղի է ունենում Փաշինյանի օրակարգի շրջանակներում, ինչը, որպես կանոն, շահեկան է լինում գործող վարչապետի համար:
Մյուս խորքային խնդիրը՝ դա ընդդիմության խորհրդարանական և արտախորհրդարանական խոսույթների տարբերությունն է, երբ հարցազրույցներում, հանրահավաքներում «դավաճան» հռչակված վարչապետի հետ ԱԺ-ում տեղի է ունենում «կառուցողական» քննարկում:
Ու թերևս զարմանալի չէ, որ Հայաստանում պարադոքսալ միտում է արձանագրում՝ իշխանությունն ու ընդդիմությունը մրցակցում են իրենց վարկանիշային անկման մրցավազքում:
Վահրամ Բագրատյան