120 հազար հայ մարդ հիմա սպասում է մեր օգնությանը․ Արցախցի երիտասարդները բողոքի ակցիա են անում

Ազատության հրապարակում բողոքի ակցիա էր, որը կազմակերպել են արցախցի երիտասարդները։ 

Նրանք պահանջում են բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որն արդեն մեկ օր է փակել են ադրբեջանցիները՝ իրենց գործողությունները ներկայացնելով իբրև բնապահպանական ակցիա։ Այս ամենը Արցախին կանգնեցրել է հումանիտար աղետի առջև։ 

«Ակցիայի նպատակն է մեր ձայնն ավելի հնչեղ ներկայացնել թե՛ ԱՄՆ դեսպանատանը, թե՛ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին, ովքեր կարող են մի փոքր ազդեցություն ունենալ թուրք-ադրբեջանական քաղաքական վերնախավի աշխատանքի ու իրենց վատ գործողությունների վրա»,- ասաց բողոքի մասնակիցներից Անի Առաքելյանը։ 

Վերջինս վստահ է, որ միջազգային հարթակում այս անգամ անպայման արձագանք լինելու է և լսելի է դառնալու իրենց ձայնը։ 

«Իշխանությունները միգուցե ձեռքերը լվացել են իրենց աշխատանքով և վերաբերմունքով Արցախի հարցի վերաբերյալ։ Մենք՝ երիտասարդներս, հայ ժողովրդի հետ կարող ենք ազդել այդ գործողությունների վրա և բացել միակ ճանապարհը, որը կապում է Հայաստանի հետ»,-ընդգծեց բողոքի ակցիայի մասնակիցը։ 

Անի Առաքելյանի խոսքով, այժմ չեն կարող գնալ աշխատանքի կամ տանը մնալ, քանզի 120 հազար հայ մարդ հիմա սպասում է իրենց օգնությանը։ «Ես ինքս Հադրութից եմ, իմ ընտանիքի և ընկերների հետ այստեղ եմ, հադրութեցի մարդիկ շատ եմ տեսել, Շուշիից էլ, չեմ կարող ասել ինչ պատճառներով ոմանք չեն կարողանում գալ»,-ասաց Անի Առաքելյանը։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Ազատության հրապարակում, որից հետո պատրաստվում են շարժվել դեպւ դեսպանատներ։

Մանրամասները՝ տեսանյութում։