Պատերազմում զnւյգ nտքը կnրցրած արցախցի Սարգիսը՝ պարաբազկամարտի եռակի չեմպիոն

Պատերազմում զnւյգ nտքը կnրցրած արցախցի Սարգիսը՝ պարաբազկամարտի եռակի չեմպիոն

«Երբ առաջին անգամ Սաքոն հաղթանակ ունեցավ, ես ուրախությունից վատացել էի։ Գիտե՞ք՝ ծնողի համար ինչ զգացողություն է, որ անկախ ֆիզիկական վիճակից ու սահմանափակ կարողությունից, իր որդին ոչ միայն առողջ հասարակության մաս է կազմում, այլև՝ հաղթանակներ է բերում հայրենիքին»,- MediaHub-ի հետ զրույցում նշում է Արցախից տեղահանված Հասմիկ Պողոսյանը։

Նրա բազմադամ ընտանիքն ապրում էր Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։ Ամուսինը՝ Ալեքսանդր Հարությունյանը, ուսուցչությամբ էր զբաղվում, իսկ 5 տղաներից 4-ը բարձրագույն կրթությանը զուգահեռ նաև զինվորագրվել էին հայրենիքի պաշտպանությանը։ 2020 թվականի պատերազմը սակայն ամբողջությամբ փոխեց որդիներից Սարգսի կյանքը։ 

«Պատերազմի ժամանակ Ճարտարի մատույցներում ծանր վիրավորում էր ստացել։ Տեղում կտրվել է միանգամից 2 ոտքը։ Տղաս դարձել էր հաշմանդամ։ Դա մեր ընտանիքի համար մեծ հարված էր։ Բայց ինչպես Սաքոն էր ասում՝ «հաշմանդամությունը դեռևս դատավճիռ չէ»»։ 

Սարգսի ոտքերը պրոթեզավորվեցին, բուժմանը զուգընթաց նա սկսեց զբաղվել սպորտով։ Պարաբազկամարտը նրա համար դարձավ ապրելակերպ։ Այսօր արդեն հպարտությամբ է կրկնում մորն ու հարազատներին ապրեցնող խոսքերը՝ «Հաշմանդամությունը դատավճիռ չէ»։ 

«Ինձ համար պատիվ էր Սլովակիայում անցկացվող պարաբազկամարտի Եվրոպայի 26-րդ առաջնությունում նորկայացնել Հայաստանը, նվաճել երկու ոսկե մեդալ, դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Ու ես շնորհակալ եմ մարդկանց, ովքեր հավատում են ինձ ու միշտ իմ կողքին են»,- ասաց Սարգիս Հարությունյանը, ով այս օրերին գտնվում է Մոսկվայում։

Արցախցի Սարգիսը, 55կգ քաշային կարգում հաղթելով թուրք մրցակցին, նվաճել է 2 ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի չեմպիոն, մինչ այդ վատակել էր պարաբազկամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսն ու պատրաստվում է առաջիկայում նոր հաղթանակներ բերել Հայաստան։ 

Հարությունյանների արմատները հասնում են կորսված Շահումյանի Բուզլուխ գյուղ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շրջանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո հաստատվել են Նոր Շահումյանի Ակնաբերդ գյուղում։ 2023-ին Արցախը հարկադրաբար հայաթափվելուց հետո 2-րդ անգամ են գաղթել։ Ու քանի որ տղաներն ունեն իրենց առանձին ընտանիքները, բնակություն են հաստատել ՀՀ տարբեր բնակավայրերում։ 

«Սեպտեմբերի 20-ի առավոտյան ամբողջ շրջանը տարհանվեց, մեզ բերեցին Իվանյան։ 3 տղաներս դիրքերում էին։ Դրա համար ամուսինս մյուս տղամարդկանց հետ մնաց գյուղում։ Օրեր շարունակ ոչ մեկից ոչ մի լուր չենք ստացել։ Մեզ հասնող տեղեկությունները ժամ առ ժամ անտանելի էին դառնում։ Միայն Նարեկիս հետ կարողացա կապ հաստատել, ինքն էլ մյուսներից լուր չուներ։ Ի վերջո, սեպտեմբերի 25-ին ամուսինս եկավ տղաներիս հետ, Մանվելս վիրավոր էր»,- պատմում է մայրը։

Հասմիկի խոսքով՝ միայն Հայաստան տեղափոխվելուց հետո են Մանվելի ոտքերից հեռացրել բեկորները։

«Ես անընդհատ աղոթում էի, որ տղաներիս բան չպատահի։ Սարգիսը «44-օրյա»-ին ոտքերը կորցնելուց հետո ավելի էի վախենում մյուսների ճակատագրից, բայց Աստված 2 ձեռքով է պահել տղաներիս»։ 

Պատերազմում զույգ ոտքը կորցնելուց հետո Սարգիսը սկսել է կյանքն ավելի շատ սիրել։ Նա պատրաստվում է գրանցել նոր ռեկորդներ, վստահ, որ հաշմանդամություն ունեցող իր հայրենակիցների համար լինելու է լավագույն օրինակը։

Հունան Թադևոսյան