Բերձորի ազատագրման օրն է, իսկ հանձնման պատմությունը կրկնվելու է Տավուշում

32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին, հայկական բանակն ազատագրեց Բերձոր (Լաչին) քաղաքը և շրջափակված Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանին։
«Դա պատմական իրադարձություն էր, որը շրջադարձ բերեց դեռևս շարունակվող պատերազմի ընթացքին»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Բերձորի բնակիչ, լրագրող, լուսանկարիչ, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանը։
Նրա ընտանիքը 1996-ին տեղափոխվեց Բերձոր և մշտական բնակություն հաստատեց այնտեղ մինչև 2020 թվականը։ 32 տարի անց, երբ Բերձորն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, Ըռքոյանը առայժմ միայն անցյալի հուշերով է ապրում, իր գլխավորած «Մերան» շրջանային թերթի երբեմնի տպագրված հրապարակումներով։
«Այսօրվա պես եմ հիշում, որ քաղաքը, ընդհանրապես շրջանն ինչպես բռնեց զարգացման ճանապարհը։ Մի կողմից կրթության համակարգն էինք կառուցում, մյուս կողմից աշխատանքներ էին տարվում գյուղատնտեսական, մշակութային, շինարարության, տնտեսության ոլորտներում, զուգահեռ վերաբնակեցման ծրագիրն էր կյանքի կոչվում։ Կարճ ժամանակում քաղաքի բնակչությունը հասավ 2000-ից ավելիի։ Բերձորում բացվեցին 2 դպրոց ու մանկապարտեզներ, արվեստի թանգարան ու մարզադպրոցներ։ Մի խոսքով՝ մենք ուրախ էինք, որ ազատագրված հայրենիքը օր-օրի շենանում էր»,- ասում է նա։
«Մերան» շրջանային թերթը, որը ղեկավարել է մեր զրուցակիցը, պատահական անուն չէր, այլ մտածված և ընտրված։ Բերձորն Արցախը Հայաստանին կապող մերանն էր, կյանքի ճանապարհը։
2022 թվականին Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը ռազմավարական նշանակության քաղաքը՝ հազարավոր հայերի տներով, հանձնեց թշնամուն, որը թույլ տվեց Ադրբեջանին մի քանի ամսից լիարժեք շրջափակել Արցախը, իսկ 2023 թվականի սեպտեմբերին այն ամբողջությամբ հայաթափել։
«Նույնիսկ 2020 թվականից հետո, երբ դեռ այնտեղ հայեր էին ապրում, բայց ելքը պարզ էր, որ պայմանավորվածությամբ քաղաքը պիտի հանձնվի թշնամուն, Գուրգեն Մելիքյանի հետ շատ անգամ ենք եղել այնտեղ, ջրել ու խնամել ենք մեր տնկած ծառերը։ Դա մեր կյանքի ամենադժվար ժամանակներներն էին»,- ափսոսում է Զոհրաբ Ըռքոյանը։
Բերձորի օրինակն այսօր առավել քան արդիական է Տավուշի սահմանամերձ գյուղերում ու Արարատի մարզի Տիգրանաշենում։ Մեր զրուցակիցը համոզված է, որ դրանց հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։
Հունան Թադևոսյան