Ամբողջ էներգիաս դրեցի պարկի վրա, կարծում եմ՝ ավելի ուժեղ մարդ կգա, ամեն ինչ լավ կլինի․ Մանուկյանը՝ իր ազատման մասին 

Ամբողջ էներգիաս դրեցի պարկի վրա, կարծում եմ՝ ավելի ուժեղ մարդ կգա, ամեն ինչ լավ կլինի․ Մանուկյանը՝ իր ազատման մասին 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ պաշտոնից ազատման դիմում է գրել։ Հընթացս խորին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին` իրեն այս պատասխանատու և ծանր աշխատանքը վստահելու համար։ 

Ի դեպ, Մանուկյանը մասնավոր սեկտորից էր եկել քաղաքապետարան՝ նա «Բուսվոյաժ» տրանսպորտային ընկերության ղեկավարն է։

Mediahub-ը հետաքրքրվեց Հովհաննես Մանուկյանից՝ ո՞րն էր պաշտոնից ազատման պատճառը։

«Դե, անձնական գործեր ունեի մի քիչ, նախօրոք խնդրել էի, որ դիմում գրեմ»,- ասաց նա։

-Միայն անձնակա՞ն գործեր էին, թե՞ այլ խնդիրներ էլ կային, ասենք՝ քաղաքային իշխանությունների հետ։ 

-Չէ, չէ, անձնական գործերով, ես՝ ինքս, գիտեմ, ես նաև տուրիզմի մարդ եմ, գնամ, տուրիզմով զբաղվեմ, չէի հասցնում։ 

-Բայց մի քիչ տարօրինակ է, որ հենց հիմա դիմում եք գրում, հեռանում։ Այդ անձնական գործերը միշտ էլ կարող էիք կազմակերպել, ինչպես մինչև հիմա կազմակերպում էիք։ 

-Էն ժամանակ մի քիչ քիչ էր տուրիզմը, էս տարի մի քիչ սպասվում է, չէի հասցնում, ասացի՝ «գրեմ, գնամ»։ Նախօրոք տեղյակ պահել էի։

 -Կարծում եք՝ արժանահավա՞տ կթվա մարդկանց այս բացատրությունը։ 

-Դե, հիմա, իրավունք չունե՞մ գնալու։ Մենք էլ ենք հոգնել, ամբողջ էներգիաս դրեցի պարկի վրա, էդքան վարորդներ, բաներ, էդքան մաքրել, սափրել, հազար ու մի բաներ․․․Դժվար էր, էլի, էնպես չի, որ հեշտ էր։ Կարծում եմ՝ ավելի ուժեղ մարդ կգա, ամեն ինչ լավ կլինի, կշարունակի դեպի ավելի լավը։ 

-Համացանցում մի տեղ աչքովս մի կարծիք ընկավ, թե կարո՞ղ է Ձեր ազատումը կապ ուներ նրա հետ, որ քաղաքում ձեր ավտոբուսների վրա քաղբանտարկյալների նկարներն էին փակցնում, ու դա չէիք կարողանում կանխել։ 

-Չէ, հաստատ չէ, մենք ի՞նչ մեղք ունենք, ավտոբուս ա՝ գնում ա, կանգառում մարդը կպցնում ա, մենք էդտեղ ի՞նչ մեղք ունենք։ 

Վահե Մակարյան