Քաղաքական տարի 2023. հայոց աշխարհի կորուստից՝ մինչև ընտրություններ 

Քաղաքական տարի 2023. հայոց աշխարհի կորուստից՝ մինչև ընտրություններ 

Գլոբալ քաղաքականության հարթության վրա շարունակ կարող ենք խոսել տուրբուլենտ աշխարհի մասին:

Ուկրաինական պատերազմը շարունակվում է նոր թափով՝ վերածվելով հյուծիչ պատերազմի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի համար: Այս պատերազմի վերջը չի երևում, և այդ հանգամանքը կարող է ճակատագրական դառնալ հատկապես Ուկրաինայի, նրա՝ որպես պետության, ֆունկցիոնալ նշանակության համար, որովհետև Կիևի բոլոր ռեսուրսները մոտ են սպառվելուն:

Անցած տարի բռնկվեց նաև իսրայելա-պաղեստինյան պատերազմը, որը, ըստ հեղինակավոր փորձագետների, չի ավարտվելու անգամ այս տարի: Հուսանք, որ այս պատերազմը կսահմանափակվի պաղեստինյան տսրածքներով ու չի ընդլայնի իր աշխարհագրությունը՝ նոր ռիսկեր ծնելով Հայաստանի անվտանգության համար:

Սակայն վերադառնանք Հայաստան, որի համար անցած տարին գրեթե նույնական էր 1915-ի հետ. մենք կորցրեցինք հայոց աշխարհ, ընդ որում՝ ցեղասպանությամբ ու էթնիկ զտումներով ուղեկցված: Արցախի կործանման պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը Պրահայի քառակողմ հայտարարությամբ ԼՂ-ն ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս՝ ճանապարհ բացելով ազգային աղետի համար:

Արցախի անկման ֆոնին Բաքվի բանտերում հայտնվեցին նրա ռազմաքաղաքական ղեկավարները, որոնց դատավարության ֆարսն Ադրբեջանն օգտագործելու է՝ ԼՂ-ն, նրա պետականությունը ահաբեկչական հռչակելու նպատակով: Ցավոք, Արցախի ու նրա հետ կապված ամեն բան ոչնչացնելու հարցում Ալիևն ունի դաշնակից՝ ի դեմս Փաշինյանի իշխանության, որն ուրացման դասական քաղաքականություն է իրականացնում:

Անցած տարում Հայաստանը սուվերեն տարածքներ կորցրեց Սյունիքի Տեղ գյուղի մոտ: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը սրանով կանգ չի առնում՝ նա պահանջում է, այսպես ասած, անկլավների, ադրբեջանցի փախստականների վերադարձ ու ուղիղ բանակցությունների միջոցով խաղաղության պայմանագրի ստորագրում՝ դա տարանջատելով սահմանների որոշման գործընթացից:

Եթե ադրբեջանական պահանջներն ընդունվեն, ապա «օրինականացվելու» են ԼՂ կլանումը, Հայաստանի տարածքների օկուպացիան, և դրա փոխարեն Հայաստանը չի ստանալու ոչինչ, անգամ իր տարածքային ամբողջականության ճանաչման երաշխիքներ:

Անցած տարի արձանագրվեց ամենաողբերգական էջը Հայաստանի ԶՈւ պատմության մեջ՝ Գեղարքունիքում 15 զինվորների ողջակիզումը: Ո՛չ ՊՆ նախարարը, ո՛չ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը քաղաքական պատասխանատվություն չկրեցին սրա համար, իսկ քննությունն ընթանում է «պաշտոնական» սցենարով՝ հարուցելով դատավարության բոլոր կողմերի դժգոհությունը:

Եվ վերջապես՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները, որոնք, մի կողմից, ի ցույց դրեցին իշխանության վարկանիշի անկումը և արձանագրեցին ՔՊ պարտությունը, մյուս կողմից՝ իրական այլընտրանքի, ընդդիմության բացակայությունը, ինչի հետևանքով ՔՊ-ն Երևանում վերարտադրվեց՝ ստեղծելով լեգիտիմության տեսանկյունից խոցելի իշխանություն:

Վահրամ Բագրատյան