Որքան ժամանակը անցնի, այնքան վերադարձի թեման կկորցնի իր հետաքրքրությունը․ արցախցիները բացառում են համակեցությունը

«Կլինի՞ հավաքական վերադարձ». իրենց հայրենիքում ազգային պատկանելիության համար էթնիկ զտման ենթարկված արցախցիները որտեղ փնտրում են այս հարցի պատասխանը, բոլոր կառույցները, միջազգային կազմակերպություններն ու դիվանագիտական ինստիտուտները սլաքներն ուղղում են Հայաստանի գործող իշխանությանը։
«Վերջին օրերին մամուլում տեղ գտած նյութերը ուրախացնում ու հաճախ հիասթափեցնում են մեզ։ Մեր վերադարձով ամենաշատը հետաքրքրված են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, բայց նրանք էլ բախվում են նույն խնդրին․ Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում, հակառակը, օրեր առաջ Փաշինյանն ասաց, որ դա Հայաստանի շահերից չի բխում։ Ես չեմ ուզում մի այնպիսի բան լինի, որ դարձյալ մեզ մեղադրեն։ Դրա համար այդ մասով ոչինչ չեմ մեկնաբանում։ Մինչդեռ բոլորն ասում են՝ վերադարձ հնարավոր է՝ միջազգային երաշխիքներով»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է իրավաբան Ինգա Ավանեսյանը։
Մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ֆոնին արցախցիները կորցրել են ռուս խաղաղապահների հանդեպ վստահությունը։ Ինգան ասում է, որ այդքանով հանդերձ՝ բոլորի ցանկությունը նույնն է՝ վերադառնալ։
«Մեր հայրենակիցներն այլևս ոչ ոքի չեն վստահում, չեն հավատում և, կարծում եմ, դա արդարացված է։ Բայց բոլորը մեկ մարդու պես երազում են իրենց տուն գնալ։ Դրան նպաստում է նաև Հայաստանում կոնկրետ խմբերի կողմից ուղղորդված թիրախավորումները, սոցիալական ցանցերում տարածվող ատելության խոսքը, խտրականությունը։ Ըստ իս, վերադարձի հարցով հստակ պետք է զբաղվեն Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի իշխանությունները, միջամտությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների, որի ինստիտուտը ևս Բաքվի ցանկությամբ փորձում են վերացնել»,-ասում է նա։
«Ստեփանակերտում մեր թաղամասի՝ Մխիթար Գոշ փողոցի բոլոր շենքերը հիմնահատակ քանդել ու ավիրել են, դրանց տեղում հիմա այգի է, տեսարան են բացել Արցախի պետական համալսարանի համար։ Բայց մեկ է վերադառնալու եմ, փողոցներում կմնամ մինչև նորը կառուցեմ, միայն թե գնամ»,-ասում է մեր հաջորդ զրուցակիցը՝ տիկին Լաուրան։
Նա ամեն օր թերթում է ադրբեջանական տելեգրամյան ալիքները, որտեղ տեսանյութեր են հրապարակվում Ստեփանակերտից, մտովի զբոսնում հարազատ քաղաքում, իրեն բռնացնում այն մտքի վրա, որ վերադարձը պետք է լինի օր առաջ.
«Որքան ժամանակը անցնի, այնքան այս թեման կկորցնի իր հետաքրքրությունը, մանավանդ, որ արցախցիները արտագաղթում են նաև Հայաստանից, տնավորվում օտար երկրներում։ Չեմ ուզում 90-ականների պես լինի, ուզում եմ բոլորը հետ գան, որ միասին վերադառնանք»,-լավատեսությունը չի կորցնում մեր զրուցակիցը, բայց նաև բացառում է համակեցությունը։
«Ես ինձ չեմ ների, մեր տղերքը չեն ների, որ այսքանից հետո համաձայնվենք համակեցության։ Որովհետև վաղ թե ուշ կկրկնվի նույն պատմությունը, որի միջով անցանք մեկ տարի առաջ»,-հավելում է Լաուրա Սարգսյանը։
Հունան Թադևոսյան