Հազարավոր զոhեր, անթիվ անհետ կորածներ, անթաղ շիրիմներ․ կրակի պատասխանը Զելենսկիի և ժողովրդի վրա թանկ կնստի

Հազարավոր զոhեր, անթիվ անհետ կորածներ, անթաղ շիրիմներ․ կրակի պատասխանը Զելենսկիի և ժողովրդի վրա թանկ կնստի

«Վերջին իրադարձությունները ես կմեկնաբանեմ ժողովրդական ասույթով` «այս խմորը դեռ երկար ջուր է պահանջելու»: Թվում է՝ պատերազմի ոչ թե 2 տարին է, այլ այն նոր է սկսվում, որովհետև կողմերից որևէ մեկը չի զիջում մյուսին, ու, որ ամենակարևորն է, չեն խնայում խաղաղ բնակչությանը, թիրախի տակ են վերջիններիս սպասարկող ենթակառուցվածքները։ Ուկրաինայում և Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ճգնաժամ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է ուկրաինացի նախկին զինվորական, վերլուծաբան Նիկիտա Իվանսեչկոն։ 

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծում մեր զրուցակիցն առայժմ չի տեսնում։ Համոզված է, որ Վլադիմիր Պուտինին զսպելը դժվար կլինի, մանավանդ հիմա, երբ պատերազմն ընթանում է նաև ՌԴ տարածքում։

«Դրա պատասխանը Զելենսկիի և մեր ժողովրդի վրա թանկ է արժենալու»,- ասում է Իվանսեչկոն։ 

Խոսելով պատերազմի հավանական ավարտի մասին՝ վերլուծաբանը դժվարանում է պատասխանել, սակայն, ընդգծում է, որ կողմերը պետք է գնան զիջումների ժամ առաջ հրադադար հաստատելու համար։ 

«Իմ ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանում խուճապ է։ Տղամարդիկ լքում են երկիրը, իսկ նրանք, ովքեր հրաժարվել են մասնակցել ռազմական գործողություններին, հիմա բանտախցերում են։ Այնպես չէ, որ Ուկրաինայում դասալիքներ չկան, կան, բայց մեր զինվորականները տրամադրված են հաղթանակի, որն առայժմ ուշանում է»,- ընդգծում է մեր զրուցակիցը, ապա հավելում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդը միմյանց երբեք թշնամաբար չեն վերաբերվել, սակայն, պատերազմը թելադրում է իր կանոնները։

«Հազարավոր զոհեր ունենք, անթիվ անհետ կորածներ, անթաղ շիրիմներ։ Հասարակ մարդիկ կրակի դադար են պահանջում»։ 

Պատերազմի պատճառով Ռուսաստանի Արմավիր տեղափոխված ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Անուշ Բաղդասարյանը MediaHub-ին փոխանցեց, որ չնայած Կուրսկի մարզում մարտերը համեմատաբար հանդարտվել են, սակայն, իրենց առայժմ տուն վերադառնալու թույլտվություն չեն տալիս։

«Այստեղ ինֆորմացիայի սահմանափակում կա, եթե ուզում եմ տեղեկություններ իմանալ պատերազմի մասին, ապա միայն հայկական «տելեգրամներից» եմ տեղեկանում։ Ռուսական աղբյուրները լուռ են։ Ամուսինս դեռ Կուրսկում է, ինքն էլ ասում է, որ ժամանակ առ ժամանակ պայթյունների ձայներ են լսվում, բայց բնակիչներին վերադառնալ չեն թողնում, ամեն րոպե ինչ-որ բան է փոխվում»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան