Կազանի ինտրիգը

Կազանի ինտրիգը

Ամեն ինչ սկսվեց ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի փսփսոցներով ու ավարտվեց կազանյան նրանց հանդիպումով, որը տևեց մեկ ժամից ավելի:

Հանդիպման ավարտից հետո կողմերը տարածել են համաձայնեցված հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Փաշինյանն ու Ալիեւը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»։

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է ձեռք բերվել Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածությունը, ի՞նչ դեր ունի դրանում Բայդենի նամակը, թե՞ այս պարագայում ավելի շատ տեղին է խոսել ռուսական միջնորդության մասին:

Այս հարցերին, գոնե այս պահին, դժվար է սպառիչ պատասխաններ տալ:

Եվ վերջապես՝ հստակության թույլ բաղադրիչ ունի նաև տարածված հաղորդագրությունը:

Առաջին տպավորությունն այն է, որ կողմերը շարունակելու են բանակցությունները՝ դեռևս չհամաձայնեցված մի քանի կետերի շուրջ:

Արդյո՞ք այս պարագայում պայմանական չէ «սեղմ ժամկետ» ասվածը:

Կամ՝ Բաքուն շարունակո՞ւմ է պնդել իր հայտնի նախապայմանները, թե՞ մեղմելու է իր հռետորաբանությունը:

Մի խոսքով` հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Սուրեն Սուրենյանց